Ոչ մի բան չենք զիջել և չենք զիջելու․ Փաշինյանը՝ Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի մասին
2 րոպեի ընթերցում
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացում Հայաստանը ոչինչ չի զիջել և չի զիջելու՝ ընդգծելով, որ Կառավարության քաղաքականության հիմքում Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքների նկատմամբ պատասխանատվությունն է։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետը նոյեմբերի 18-ին Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է թեմային՝ պատասխանելով պատգամավոր Նատալիա Սինորյանի հարցին։
Սինորյանը քննադատել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչների՝ իշխանությունների կողմից զիջումների վերաբերյալ հայտարարությունները՝ պնդելով, որ դրանց վերաբերյալ հստակեցնող հարցին պատասխան չի տրվել։
Փաշինյանը պատասխանել է, որ Կառավարության քաղաքականությունը հիմնված է «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա։
«Մենք մեր քաղաքականությունները և մեր պատասխանատվությունները տեսնում ենք Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքներում և տարածքների նկատմամբ։ Եվ այդ առումով, այո՛, մենք կարող ենք ասել, որ մենք ոչ մի բան չենք զիջել և չենք զիջելու։ Եվ դրա անհրաժեշտությունը և այդ օրակարգը չկա ընդհանրապես»,- հայտարարել է վարչապետը։
Նա վկայակոչել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը՝ ընդգծելով դրա իրավական նշանակությունը։
«Ուզում եմ ուշադրություն հրավիրել, որ մենք ունենք իրավական պարտադիր ուժ ունեցող փաստաթուղթ, որն այս դահլիճում վավերացվել է։ Խոսքը երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի մասին է»,- նշել է Փաշինյանը։