Աբու Դաբիում աճուրդի է հանվել Մայքլ Ջեքսոնի ավելի քան 100 իր

2 րոպեի ընթերցում

Ամերիկացի փոփ աստղ Մայքլ Ջեքսոնին պատկանող ավելի քան 100 անձնական իր վաճառքի է հանվել Julien’s Auctions-ի աճուրդում, այդ թվում՝ 1986 թվականի American Music Awards մրցանակի արձանիկը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ աճուրդի կայքում առկա տվյալների համաձայն՝ ամենաթանկ լոտը 1983 թվականի Thriller տեսահոլովակում Ջեքսոնի կրած կարմիր կաշվե բաճկոնն է, որի ընթացիկ գինը կազմում է 8,5 միլիոն դոլար։ American Music Awards-ի արձանիկի համար արվել է ավելի քան 30 առաջարկ, որոնցից վերջինը կազմում է 7000 դոլար։ Ընդհանուր առմամբ, աճուրդի է հանվել 110 լոտ, որոնցում հիմնականում ներկայացված են երգչի բեմական զգեստները, տեսահոլովակներում օգտագործված հագուստը և աքսեսուարներ։

Աճուրդը Julien’s Celebrity & Pop Culture Experience ծրագրի մի մասն է, որը տեղի կունենա դեկտեմբերի 7-9 Աբու Դաբիում։

Ջեքսոնը Grammy-ի 13 մրցանակի, ինչպես նաև Grammy-ի երաժիշտ-լեգենդ (1993 թ.) և կյանքի ընթացքում ձեռք բերած նվաճումների համար (2010 թ., հետմահու) պատվավոր մրցանակների դափնեկիր է։ Աշխարհում վաճառվել է նրա ձայնագրությունների ավելի քան 1 միլիարդ օրինակ։ Forbes հանդեսի տվյալներով՝ Ջեքսոնը գլխավորում է այն հռչակավոր մարդկանց վարկանիշային աղյուսակը, որոնց մշակութային ժառանգությունը շարունակում է եկամուտ բերել նույնիսկ նրանց մահից հետո:

Հայերեն