2 րոպեի ընթերցում
Իրանի բանակը հայտարարել է, որ նոյեմբերի 18-ի վաղ առավոտյան մարտական անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Քուվեյթում գտնվող «Ալի Ալ Սալեմ» ռազմաբազայում տեղակայված ամերիկյան Patriot հակաօդային պաշտպանության համակարգերին, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի և հրթիռների արձակման հարթակներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը։
Ըստ բանակի հայտարարության՝ «Ալի Ալ Սալեմ» ավիաբազան կարևոր ռազմակայաններից է, օդային փոխադրումների հիմնական կենտրոնը և ռազմական ուժերի՝ Արևմտյան Ասիայի տարածաշրջան մուտքի դարպասը։ Այն կենտրոնական դեր ունի տարածաշրջանում ԱՄՆ զինված ուժերի ռազմավարության և լոգիստիկ ապահովման գործում։
«Իրանի պաշտպանության հարցում մենք չենք խոնարհվում որևէ ուժի առջև։ Ընդհակառակը՝ ցանկացած սպառնալիքի և ագրեսիայի մեր պատասխանը կլինի վճռական, ջախջախիչ և առանց աշխարհագրական սահմանափակումների», - հայտարարել է Իրանի բանակը:
Բացի այդ, ըստ Al Jazeera-ի՝ պայթյուններ են լսվել Բահրեյնի ամերիկյան ռազմաբազաներում։ Երկրի Ներքին գործերի նախարարությունը նախազգուշացում է տարածել և մարդկանց հորդորել է պահպանել հանգստություն և պատսպարվել մոտակա ապահով վայրում։ Ըստ ոչ պաշտոնական աղբյուրների, որոնք վկայակոչում է Mehr գործակալությունը, անօդաչուներով ուղիղ և ճշգրիտ հարվածներ են հասցվել Բահրեյնում ամերիկյան ռազմաբազաներին, որտեղ հրդեհ է բռնկվել։ Ըստ աղբյուրների՝ թիրախավորվել է «Շեյխ Իսա» ավիաբազան։
Միևնույն ժամանակ Al Jazeera-ն հաղորդում է, որ Քուվեյթը և Բահրեյնը հայտնել են իրանական օդային հարձակումը հետ մղելու մասին։ Քուվեյթից նշել են, որ հակաօդային պաշտպանությունը հակազդում է «թշնամական» անօդաչուների հարձակումներին, և լսվող պայթյունի ձայները ՀՕՊ համակարգի աշխատանքի արդյունքն են։
Վերջին օրերին Իրանը մի քանի անգամ հարվածներ է հասցրել Բահրեյնում ամերիկյան թիրախների։