Ինքնագլորների նոր կանոններ և երեխաների փոխադրման տուգանքի խստացում․ ԱԺ-ում նախագիծ է քննարկվում

4 րոպեի ընթերցում

Ազգային ժողովում քննարկվում է օրենսդրական փաթեթ, որով առաջարկվում է խստացնել երեխաների փոխադրման կանոնները խախտելու պատասխանատվությունը և վերանայել ինքնագլորների օգտագործման պայմանները։

Փոփոխություններ են առաջարկվում նաև Road Control հավելվածից օգտվելու և թմրամիջոցների դեմ պայքարի կարգավորումներում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փաթեթը նոյեմբերի 17-ի նիստում ներկայացրել է ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը։

Նրա խոսքով՝ մինչև 12 տարեկան երեխաների փոխադրման կանոնները խախտելու համար առաջարկվում է գործող 5000 դրամ տուգանքը բարձրացնել 20 հազար դրամի և նախատեսել մեկ տուգանային միավոր։

«Մինչև 12 տարեկան երեխաների փոխադրման կանոնները խախտելու համար 5000 դրամը բարձրացնել 20 հազար դրամի և նախատեսել մեկ տուգանային միավոր»,- ասել է փոխնախարարը։

Առանձին կարգավորումներ են առաջարկվում անհատական շարժունակության միջոցների՝ ինքնագլորների օգտագործման համար։ Դրանք վարելն առաջարկվում է թույլատրել 16 տարին լրացած անձանց՝ առանց «AM» ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունենալու պահանջի։

Մայթերում և հետիոտների համար նախատեսված տարածքներում առաջարկվում է սահմանել 10 կմ/ժ առավելագույն արագություն։ Արագությունը չափող սարքի փոխարեն նախատեսվում է սահմանել այն սահմանափակող սարքի առկայության պահանջ։

«Այդպիսի միջոցների առավելագույն արագությունը հետիոտների համար նախատեսված վայրերում և մայթերում սահմանել 10 կմ/ժ արագությունը, իսկ վերջիններիս արագությունը չափող սարքի իրավական սահմանումը վերաձևակերպել «արագությունը սահմանափակող» ձևակերպմամբ՝ դրանով իսկ ինքնաշխատ կերպով մայթերում դրանց արագությունը սահմանափակել»,- ասել է Մկրտչյանը։

Փոխնախարարը ներկայացրել է նաև Road Control հավելվածից օգտվելու ընթացակարգը պարզեցնելու առաջարկները։ Նախատեսվում է հանել խիստ նույնականացման պահանջը և նույն տրանսպորտային միջոցի խախտումները կրկին նկարահանելու սահմանափակումը։

«Նույնականացման քարտով կամ անձ հաստատող փաստաթղթով էր հնարավոր այս հավելվածը գործարկել։ Սա հանում ենք, որովհետև քաղաքացիներից ստանում ենք արդարացված դժգոհություններ՝ բարդության հետ կապված»,- նշել է նա։

Թմրամիջոցների շրջանառության կարգավորումների մասով առաջարկվում է Կառավարությանը լիազորել դրանք դասակարգել ըստ վտանգավորության և ամեն տարի վերանայել դասակարգումները։

«Մենք օրենքով լիազորում ենք Կառավարությանը, որպեսզի թմրամիջոցներն ըստ վտանգավորության դասակարգվեն և յուրաքանչյուր տարի այս դասակարգումները վերանայվեն»,- ասել է Մկրտչյանը։

Առաջարկվում է նաև ուժը կորցրած ճանաչել «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքի յոթերորդ գլուխը, որով նախատեսված է ոլորտի համար առանձին տարեկան ծրագրի մշակման ընթացակարգ։

«Հանցավորության դեմ պայքարի միասնական քաղաքականության տեսանկյունից այլևս արդյունավետ չի այս մեթոդը, և մենք այդ պրոցեսները փոխկապակցված ենք պատրաստվում իրականացնել»,- նշել է փոխնախարարը։

Փաթեթի հիմնավորման համաձայն՝ ոլորտի միջոցառումների պլանավորումն ու ֆինանսավորումն առաջարկվում է կազմակերպել գործող ռազմավարական փաստաթղթերի և պետական մարմինների ընթացիկ ու թիրախային միջոցառումների շրջանակում՝ նվազեցնելով ծրագրերի հնարավոր կրկնություններն ու վարչարարական բեռը։

Հայերեն

Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են բենզալցակայանների գործունեությունը կարգավորող իրավական դաշտի վերանայման հարցեր

Պատգամավորի կարծիքով՝ միայն տուգանքների բարձրացմամբ խցանումների խնդիրը չի լուծվի

Էջմիածին-Երևան երթուղու միկրոավտոբուսների՝ մայրաքաղաքի կենտրոնում կայանման արգելքը չի վերանայվի

Գևորգ Ղազարյանը հեռացել է «Արարատ-Արմենիա»-ի մարզչական շտաբից

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ -17/11/26

Ասիական ինդեքսները նվազել են - 17/11/26

Թրամփը Թեհրանի կողմից Վաշինգտոնում «կեղտոտ ռումբի» հնարավոր օգտագործման դեպքում սպառնացել է ծանր հարված հասցնել Իրանին

Ինքնագլորների նոր կանոններ և երեխաների փոխադրման տուգանքի խստացում․ ԱԺ-ում նախագիծ է քննարկվում

Բիզնեսին կառաջարկվեն էլեկտրական բեռնատարներ

Ամենակարևոր ռեսուրսը ժամանակն է, այն պետք է արդյունավետ օգտագործել․ ՀՀ ԿԳՄՍ նախարարը հանդիպել է ուսանողների հետ