Սլովակիայի համար 120 օրով երկարացվել է ՌԴ-ից նավթի գնման դեպքում ամերիկյան պատժամիջոցներից ազատումը
2 րոպեի ընթերցում
Սլովակիան հասել է նրան, որ ամերիկյան վարչակազմը 120 օրով երկարաձգի բացառությունը, որը թույլ է տալիս շարունակել ռուսական նավթի գնումն ու դրա դիմաց վճարումները՝ առանց ԱՄՆ-ի պատժամիջոցների ենթարկվելու վտանգի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է հանրապետության Էկոնոմիկայի նախարարությունը։
«Մեր նպատակն էր կանխել այնպիսի իրավիճակը, երբ ամերիկյան պատժամիջոցները կարող էին սպառնալ Սլովակիա նավթի մատակարարումներին և, հետևաբար, մեր նավթավերամշակման գործարանի անխափան աշխատանքին», - հաղորդագրությունում մեջբերվում է փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Դենիսա Սակովայի խոսքը։
«Մեզ հաջողվել է հասնել լրացուցիչ 120 օրվա, ինչը նշանակում է ոչ միայն վստահություն նավթի մատակարարումների հարցում, այլև անհրաժեշտ ժամանակ՝ մատակարարման աղբյուրների հետագա դիվերսիֆիկացման համար», - հավելել է նա։
ԱՄՆ-ն նախնական բացառությունը տրամադրել էր 2025 թ. հոկտեմբերին՝ մեկ տարի ժամկետով։ Դրա գործողության ժամկետը պետք է ավարտվեր նոյեմբերի 21-ին։
Սլովակիայի էկոնոմիկայի նախարարությունը նշում է, որ բացառության երկարաձգումը չի փոխում երկրի երկարաժամկետ նպատակը՝ նվազեցնելու կախվածությունը նավթի մեկ մատակարարից և դիվերսիֆիկացնելու ներմուծումն այլընտրանքային աղբյուրների հաշվին։ Գերատեսչությունը մտադիր է համապատասխան բանակցությունները շարունակել միջազգային գործընկերների հետ։