ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է Հայաստան-Գերմանիա միջկառավարական միջանկյալ խորհրդակցություն
2 րոպեի ընթերցում
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունում նոյեմբերի 16-ին նախարար Գևորգ Պապոյանի և Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշի մասնակցությամբ կայացել է Հայաստան-Գերմանիա միջկառավարական միջանկյալ խորհրդակցություն։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ Գևորգ Պապոյանը նշել է՝ նման խորհրդակցությունները լավ հարթակ են՝ ամրապնդելու երկու երկրների միջև ձևավորված գործընկերությունը և նախանշելու փոխգործակցության նոր ուղղություններ։
«Հայաստանը մեծապես կարևորում է Գերմանիայի հետ փոխադարձ վստահության և ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերությունները, որոնք տարիների ընթացքում վերածվել են ամուր և բազմոլորտ գործընկերության՝ ընդգրկելով տնտեսական զարգացումը, ներդրումները, մասնավոր հատվածի աջակցությունը, էներգետիկան, ենթակառուցվածքները, կրթությունը և ինստիտուցիոնալ բարեփոխումները», - նշել է նախարարը։
Գևորգ պապոյանն իր խոսքում կարևորել է նաև GIZ-ի և KfW զարգացման բանկի հետ ձևավորված ամուր համագործակցությունը։
Երկկողմ համագործակցության զարգացման առավել հեռանկարային ուղղությունների շարքում նախարարն առանձնացրել է մասնավոր հատվածի զարգացումը, արտահանման դիվերսիֆիկացումը, մասնագիտական կրթությունը, թվային փոխակերպումը և կանաչ տնտեսության զարգացումը։
Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Տիգրան Գասպարյանը, խորհրդակցությունը շարունակվել է ընդլայնված կազմով։