1 րոպեի ընթերցում
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հերքել է այն պնդումները, թե քաղաքապետարանը նախատեսում է արգելել մարզերից մայրաքաղաք մուտք գործող ավտոմեքենաների տեղաշարժը։ Նրա խոսքով՝ քննարկվող առաջարկը ոչ թե մարզերից Երևան մուտք գործող մեքենաների համար արգելք սահմանելն է, այլ քաղաքացիներին հանրային տրանսպորտից օգտվելու հնարավորություն տալը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սուրեն Գրիգորյանը շեշտել է, որ խոսքը հնարավորության, այլ ոչ թե պարտադրանքի մասին է։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հավելել է, որ հնարավոր սահմանափակումները վերաբերելու են ոչ թե վարորդների բնակության վայրին, այլ ավտոմեքենաների տեսակին՝ կախված դրանց արտանետումների ծավալից և մարդու առողջությանը հասցվող վնասից։
«Պարտադրանքը վերաբերելու է ավտոմեքենային և դրա տեսակին, մարդու բնակության հասցեն բացարձակապես կապ չի ունենալու դրա հետ»,-ասել է քաղաքապետը՝ հավելելով, որ առաջարկվող լուծումները պետք է դրվեն հանրային քննարկման, և քաղաքացիները պետք է մասնակցեն այդ գործընթացին։