Ամերիաբանկը TOON Expo-ին ներկայանում է հատուկ առաջարկով. հիփոթեք` 0% կանխավճարով

11 րոպեի ընթերցում

Հիփոթեքային շուկայի առաջատար Ամերիաբանկը նոյեմբերի 13-15-ը մասնակցում է անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի ամենամեծ և մասշտաբային ցուցահանդեսին` TOON Expo-ին:

Ցուցահանդեսի այցելուների համար Ամերիաբանկն ունի հատուկ առաջարկ` հնարավորություն բանկի հետ համագործակցող ընկերություններից ձեռք բերել անշարժ գույք հիփոթեքային վարկով` 0% կանխավճարով։ Առաջարկը սահմանափակ է և գործում է միայն ցուցահանդեսի օրերին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ամերիաբանկի երկարաժամկետ բանկինգի թրայբի ղեկավար Վահրամ Գևորգյանը նշեց, որ անշարժ գույքի գնումը մարդու կյանքի կարևորագույն ֆինանսական որոշումներից մեկն է։

«Այդ առումով մենք գործում ենք ոչ միայն որպես ֆինանսավորող բանկ, այլև հուսալի գործընկեր, որը նպաստում է մարդկանց երազանքների իրականացմանը։ Ամերիաբանկի դերն այսօր շատ ավելի լայն է, քան ֆինանսավորող բանկ լինելը։ Մի կողմից ներկայացնում ենք մեր բոլոր հնարավորությունները նրանց, ովքեր փնտրում են իրենց տունը, մյուս կողմից աջակցում և ֆինանսավորում ենք կառուցապատող գործընկերներին, որպեսզի սահուն ճանապարհ անցնեն, իրականացնեն իրենց նախագծերն ու զարգացնեն սեփական բիզնեսը»,- ասաց Գևորգյանը։

Նա կարևորեց համապատասխան պրոդուկտների ներկայացումը՝ վստահեցնելով, որ Ամերիբանկը հայտնի է իր ճկունությամբ, առաջարկում է հիփոթեքային վարկի ենթատեսակներ տարբեր սեգմենտների համար՝ հաճախորդների կարիքները ճիշտ բացահայտելու և բավարարելու համար։

«Ունենք փուլային, սուբսիդավորող մեխանիզմներով հիփոթեքներ, որոնք հնարավոր է տեսնել MyHome հարթակում և հաստատումն ունենալ րոպեների ընթացքում։ Ավելացրել ենք նաև առցանց վարկատեսակ՝ անշարժ գույքի վերաֆինանսավորման տեսակը, որի ամբողջ ճանապարհը մեր հաճախորդները կարող են անցնել առցանց տարբերակով։ Շատ լավ նկատում ենք նաև հայաստանյան շուկայի հանդեպ հետաքրքրությունն արտերկրից։ Մեր հայրենակիցները բավականին ակտիվ են ու հետաքրքրված ՀՀ-ում անշարժ գույք գնելու հեռանկարով։ Մենք մշակել ենք հատուկ արտոնյալ պայմաններ սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների համար»,- ասաց Գևորգյանը։

Նա հավելեց, որ Հայաստանում բնակվող քաղաքացիները նույնպես ցանկանում են հիմնականում ներդրումային նպատակներով անշարժ գույք ձեռք բերել արտասահմանում։

«Այստեղ ևս մշակել ենք բավականին արդյունավետ գործիքակազմ և պրոդուկտներ, ուստի ներդրումային վարկավորման հնարավորությամբ կարողանում ենք աջակցել քաղաքացիներին նաև այդ մասով։ Մենք թվայնացումը դիտարկում ենք որպես ռազմավարական ուղիներից մեկը, քանի որ թվայնացման օգնությամբ կարողանում ենք փոխանցել շատ ավելի հարմար ու արդյունավետ փորձառություն մեր հաճախորդներին։ Նույն տրամաբանությամբ զարգացնում ենք myhome.am հարթակը, որպեսզի հաճախորդը քիչ ժամանակ ծախսի։ Թվայնացման իրական արժեքը ժամանակի խնայողությունն ու հարմարավետությունն է։ Հիմնական նպատակն այն է, որպեսզի մեր հաճախորդներն ավելի շատ մտածեն անշարժ գույքի ձեռքբերման, իրենց երազանքների իրականացման մասին՝ մեզ վստահելով ավելի բարդ ֆինանսավորման ու հարակից այլ գործառույթների իրականացումը»,- ասաց Գևորգյանը։   

Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկավորմամբ ձեռք բերել, վերանորոգել, կառուցապատել անշարժ գույք 12.9% անվանական տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք՝ 13.68-15.37%): Բացի այդ, Ամերիայի տաղավարում այցելուներին առաջարկվում է արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկերի լայն ընտրություն՝ բնակելի և առևտրային գույքի գնման, վերանորոգման ու կառուցապատման վարկեր, պետական  աջակցությամբ հիփոթեքային վարկեր, ինչպես նաև հիփոթեքային վարկ սփյուռքի մեր հայրենակիցների համար:

Ամերիաբանկը ներկայանում է նաև ներդրումային վարկերի իր առաջարկով: Այս վարկատեսակի միջոցով կարելի է ոչ միայն բիզնեսում ներդրում կատարել և ընկերություններում բաժնեմաս ձեռք բերել, այլ նաև գնել անշարժ գույք արտերկրում: Ներդրումային վարկատեսակը տրամադրվում է 3 արժույթով` ՀՀ դրամ` 13.75%, ԱՄՆ դոլար` 9.5%, եվրո` 8.5% տոկոսադրույքով:

TOON Expo-ի այցելուներին լավագույն թվային փորձառությունն է առաջարկում Ամերիաբանկի myhome.am հարթակը, որը շարունակում է ընդլայնվել որպես անշարժ գույքի ամբողջական էկոհամակարգ։  

«MyHome» պրոդուկտի գծով ղեկավար Հայկ Գալստյանը նշեց, որ տվյալ հարթակն անշարժ գույքի համապարփակ էկոհամակարգ է, որը գործում է մի քանի ուղղություններով։

«Առաջինը առցանց վարկավորման ծառայությունների տրամադրումն է։ Ներկայումս մենք միակ ընկերությունն ենք, որն առաջարկում է ամբողջությամբ առցանց վարկավորում անշարժ գույքի առաջնային շուկայի համար։ Մենք նախատեսում ենք ընդլայնել այս գործունեությունը նաև երկրորդային շուկայում։ Բացի այդ, մենք ընդլայնում ենք մեր ներկայությունը անշարժ գույքի ոլորտում՝ ավելի լայն շրջանակներ ընդգրկելով։ Ունենք ավելի քան 200 գործընկեր, այդ թվում՝ ավելի քան 100 անշարժ գույքի կառուցապատող, ավելի քան 30 բրոքեր և ավելի քան 50 ծառայություններ մատուցող ընկերություններ, որոնք առաջարկում են ամեն ինչ՝ սկսած մաքրման ծառայություններից և կահույքից, վերջացրած էլեկտրատեխնիկական աշխատանքներով»,- ասաց Գալստյանը։

Նա հավելեց, որ այս տարի տվյալ պրոդուկտի միջոցով իրենք ներկայացնում են բազմաթիվ նորություններ և գործառույթներ։ Արդեն գործարկել են շուկայի վերլուծության գործիք, որն օգնում է հաճախորդներին Երևանում և ՀՀ մարզերում ուսումնասիրել շուկան՝ հիմնվելով հավաստի տվյալների վրա, որոշել անշարժ գույքի արժեքը՝ ընդհուպ մինչև առանձին թաղամասերի մակարդակով, և կատարել գնման հիմնավորված որոշումներ։

«Մեր հաճախորդների բազան կրկնապատկվել է, իսկ գրավով ապահովվածության գործակիցը կազմում է 133%։ Մենք հավակնոտ ծրագրեր ունենք։ Հաջորդ տարի նախատեսում ենք զարգացնել առցանց վարկավորման առաջարկները։ Նաև զգալի ծրագրեր ունենք՝ ուղղված անշարժ գույքի մեր էկոհամակարգի հետագա զարգացմանը։ Նպատակ ունենք ընդլայնել գործընկերային կետերի ցանցը՝ հասցնելով ավելի քան 70-ի, և ներկայումս ակտիվորեն աշխատում ենք այդ նպատակին հասնելու ուղղությամբ։ Կցանկանայի նաև նշել, որ ընդամենը մի քանի ամիս առաջ մենք գործարկեցինք հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորման առցանց ծառայություն։ Սա նշանակում է, որ եթե դուք այլ բանկում ունեք հիփոթեքային վարկ, կարող եք այն տեղափոխել մեզ մոտ՝ առանց տանից դուրս գալու։ Սա իսկապես եզակի լուծում է. մենք միակն ենք շուկայում, որն առաջարկում է նման ծառայություն»,- նշեց Գալստյանը։

«MyHome»-ում արդեն հնարավոր է առանց բանկ այցելելու վերաֆինանսավորել գործող հիփոթեքային վարկը և ապահովագրել անշարժ գույքը, իսկ սփյուռքում բնակվող մեր հայրենակիցները կարող են հիփոթեքային վարկի հայտ ներկայացնել անմիջապես հարթակի միջոցով։ Գործարկվել է նաև շուկայի վերլուծության նոր գործիք, որը թույլ է տալիս գնման կամ վաճառքի որոշումները կայացնել վստահելի տվյալների հիման վրա, իսկ վաճառողների համար MyHome-ն առաջարկում է ընդլայնված գործիքակազմ՝ անշարժ գույքի վաճառքներն արդյունավետ իրականացնելու համար։

Հարթակն իր օգտատերերի կողքին է նաև գույքը ձեռք բերելուց հետո. 30-ից ավելի ոլորտներում առաջատար խանութներ և ծառայություններ մատուցող ընկերություններ MyHome-ի օգտատերերի համար ներկայացնում են հատուկ առաջարկներ։ Հատկանշական է, որ  տարեսկզբից MyHome-ի օգտատերերի թիվն ավելացել է ավելի քան 130 տոկոսով, ինչը վկայում է հարթակի նկատմամբ հաճախորդների շարունակաբար աճող վստահության մասին։

Ամերիաբանկը հիփոթեքային վարկերի պորտֆելի ծավալով շարունակում է պահպանել առաջատարի դիրքը Հայաստանի բանկային համակարգում՝ 24.1% շուկայի մասնաբաժնով (2026թ. 3-րդ եռամսյակի տվյալներով)։

VIVAREALTY և MYSPACE ընկերությունների հիմնադիր և տնօրեն Էդվարդ Հարությունյանը նշեց, որ Ամերիաբանկն իրենց լավագույն ֆինանսական գործընկերն է, քանի որ տրամադրում է հարմարավետ վարկեր, որպեսզի մարդիկ օգտվեն գույք ձեռք բերելիս։

«Բացի դա, MyHome հավելվածը նպաստում է պրոդուկտների ներկայացմանը։ Շատ մեծ առավելություն է, երբ տեղում կարողանում ես հարցումով վարկավորման հաստատում ստանալ»,- ասաց Հարությունյանը։  

Նրա դիտարկմամբ՝ նման միջոցառումը շատ լավ հնարավորություն է ընձեռում սեփական պրոդուկտները ներկայացնել հանրությանն ու մարդկանց ճիշտ խորհրդատվություն առաջարկել։

«Այս պահին հիմնականում առաջարկում ենք գույք արտերկրում, ինչպես նաև հայաստանյան երկրորդային շուկայում։ Մասնավորապես առաջարկում ենք ներդրումային գույքեր Հունաստանում, ԱՄԷ-ում և Կիպրոսում։ Շահավետությունն այն է, որ մարդիկ որոշ դեպքերում գույքը ձեռք են բերում վերավաճառելու նպատակով՝ հաշվի առնելով գնաճը, իսկ որոշ դեպքերում էլ վարձակալությամբ հանձնելու կամ պարզապես սեփական ներդրումն ունենալու տարբեր երկրներում՝ դիվերսիֆիկացնելով սեփական միջոցները։ Մեզ դիմողները շատ են, քանի որ ավելի փորձառու և մասնագիտացված ենք, ունենք 15 տարվա պատմություն, առաջարկում ենք գույքեր նորակառույց շենքերում, որոնք գտնվում են տուրիստական, ծովափնյա քաղաքներում։ Հայաստանյան շուկայում նույնպես տիրում է ակտիվություն։ Ընդ որում՝ առաջնային ու երկրորդային շուկաները փոխլրացնում են միմյանց»,- ասաց Հարությունյանը։   

2022 թվականից ի վեր TOON EXPO-ն անցկացվել է արդեն 7 անգամ՝ Հայաստանում և արտերկրում։ Այս անգամ ցուցահանդեսում ներկայացված է ավելի քան 150 անշարժ գույքի նախագիծ, կառուցապատման, ֆինանսական և հարակից ոլորտների ավելի քան 200 ընկերություն՝ Հայաստանից և արտերկրից։ Կազմակերպիչների հրապարակած տվյալներով՝ նախորդ ցուցահանդեսների շրջանակում իրականացվել է ավելի քան 10 000 գործարք՝ շուրջ 950 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով, իսկ այցելությունների ընդհանուր թիվը գերազանցել է 140 000-ը։

Հայերեն