2 րոպեի ընթերցում
Կադաստրի կոմիտեն առաջարկում է փոփոխություններ կատարել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հարցը Կառավարության նոյեմբերի 12-ի նիստում ներկայացրեց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը:
«Սկսել ենք 3 տարի առաջ հասցեավորման համակարգի և հասցեների բազայի կառուցակարգերի վերանայում, և 2025 թվականից սկսել է գործել հասցեներին վերաբերող ազգային ստանդարտը, որի հիման վրա Կադաստրի կոմիտեում տարիների ընթացքում կուտակված հասցեավորման որոշումներն ինտեգրվել են մեկ միասնական համակարգի ներքո և համապատասխանեցվել են արդեն իսկ գործող ազգային ստանդարտին: 1.5 մլն հասցեներ ստանդարտավորվել են և մուտքագրվել էլեկտրոնային համակարգ»,- ասաց Թովմասյանը:
Կադաստրի կոմիտեի ղեկավարը նշեց, որ առաջարկվող փոփոխություններով հնարավոր կլինի կարգավորել այն դեպքերը, երբ հասցեն բացակայում է կամ կան որոշ թերություններ, որով հնարավոր չէ նույնականացնել քաղաքացու կողմից նշվող հասցեն:
«Օրինակ, երբ քաղաքացին կանչ է տալիս շտապօգնության ծառայությանը, բազմաթիվ դեպքեր ենք տեսնում, երբ շտապօգնությունը կոնկրետ հասցեն չի կարողանում գտնել, դա գալիս է նրանից, որ գույքի գրանցման վկայականում մեկ հասցե է գրված, էլեկտրոնային նավիգացիոն համակարգում այդ հասցեն մեկ այլ օբյեկտի վրա է տեղադրված և այս շեղումները հանգեցնում են խնդիրների»,- նշեց նա:
Սուրեն Թովմասյանն ընդգծեց, որ օրենքում փոփոխությունները ընդունումը կնպաստի առաջիկա մի քանի տարիների ընթացքում հասցեների բազաների վերջնականացմանը: