2 րոպեի ընթերցում
Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին նոյեմբերի 11-ին «դրական և կառուցողական» հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է չինական Xinhua լրատվական գործակալությունը։
Կողմերը մտքեր են փոխանակել Չինաստան-ԱՄՆ հարաբերությունների և երկու երկրների ղեկավարների փոխգործակցության շուրջ։
Հեռախոսազրույցի ընթացքում Վան Ին նշել է, որ սեպտեմբերին նախագահ Սի Ծինփինի այցը Միացյալ Նահանգներ սահուն և հաջող է անցել։
Վան Իի խոսքով՝ երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են հարստացնել Չինաստան-ԱՄՆ հարաբերությունների նոր տեսլականի բովանդակությունը՝ ավելի հստակ ռազմավարական ուղենիշներ սահմանելով երկու երկրների միջև փոխգործակցության պատշաճ ուղին որոնելու համար։
Չինաստանի ԱԳ նախարարը հայտնել է, որ Պեկինը պատրաստ է ամրապնդել ամերիկյան կողմի հետ հաղորդակցությունն ու համագործակցությունը:
ԱՄՆ պետդեպի տարածած հաղորդագրության համաձայն՝ ԱԳ նախարարները քննարկել են նախագահ Դոնալդ Թրամփի՝ Չինաստանում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական խորհրդի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով առաջիկա այցը, ինչպես նաև գլխավոր քարտուղար Սի Ծինփինի առաջիկա այցը Ֆլորիդա՝ «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովին մասնակցելու համար։
«Նրանք կարևորել են առաջնորդների մակարդակով բովանդակալից երկխոսությունների անհրաժեշտությունը՝ այնպիսի նպատակների առաջմղման համար, ինչպիսիք են խաղաղությունն ու միջուկային զինաթափումը, այդ թվում՝ Ռուսաստանի մասնակցությամբ հնարավոր եռակողմ առաջնորդների հանդիպման շրջանակում»,- ասվում է պետդեպարտամենտի հայտարարության մեջ՝ հավելելով, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել չինական կողմի նախաձեռնությամբ։