Աբու Դաբիում տեղի ունեցած եռակողմ բանակցություններից այս փուլում մեծ ակնկալիքներ ունենալը տեղին չէ․ Արմեն Պետրոսյան

6 րոպեի ընթերցում

Քաղաքական վերլուծաբան Արմեն Պետրոսյանը կարծում է, որ Աբու Դաբիում տեղի ունեցած եռակողմ բանակցություններով (ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա) փորձ արվեց ընթացիկ տարվա սկզբից ընդհատված շփումները վերականգնել, սակայն մեծ հաշվով ակնկալել, որ այդ բանակցությունները կարող են լուրջ և էական տեղաշարժ արձանագրել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացում, ճիշտ չէ։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում Արմեն Պետրոսյանն անդրադարձավ ԱՄԷ-ի մայրաքաղաքում կայացած եռակողմ բանակցություններին և այդ համատեքստում ռուս-ուկրաինական հակամարտության հանգուցալուծման հեռանկարին։

«Հակամարտությունն այնքան է խորացել և դրա հետևանքներն այնքան են արմատավորվել, որ մեկանգամյա բանակցություններով, այն էլ նման մակարդակի բանակցություններով հնարավոր չէ ակնկալել լուրջ արդյունքներ, հետևաբար առավելագույնը, ինչ կարելի էր կանխատեսել, կողմերի միջև հումանիտար հարցերի շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերումն է կամ լավագույն դեպքում բանակցությունների շարունակականության ապահովումը։ Առավել սպասումները, կարծում եմ, տեղին չեն»,- ասաց Պետրոսյանը։

Նրա դիտարկմամբ՝ ճիշտ չէ այն տեսակետը, որ հակամարտության կարգավորման հիմնական շահառուն Միացյալ Նահանգներն են, որովհետև կոնֆլիկտի ավարտն, ըստ նրա, ձեռնտու է բոլորին։

«Հակամարտության շարունակական ընթացքը չի բխում որևէ մեկի շահերից, ուստի կոնֆլիկտի ավարտի շահառուները բազմաթիվ դերակատարներ են՝ ինչպես անմիջական կողմերը, այնպես էլ ԱՄՆ-ն ու Եվրոպական միությունը։ Հարցն այն է, թե ինչպիսի արդյունքով կդադարի հակամարտությունը։ Եթե այն ավարտվելու է որևէ կողմի շահերին հակասող սցենարով, ապա պարզ է, որ կլինեն դիմադրող կողմեր, ինչին ականատես ենք՝ Ուկրաինայի ու Եվրոպական միության դիրքորոշումները վերլուծելով։ ԵՄ-ն արդեն իսկ հայտարարել է, որ բանակցություններն ու կարգավորման գործընթացը չեն կարող տեղի ունենալ առանց եվրոպական կողմի մասնակցության։ Պատահական չէ, որ Աբու Դաբիում անցկացված բանակցություններին ոչ ուղղակիորեն ներկա են եղել նաև ԵՄ-ի, Մեծ Բրիտանիայի ու ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները, որոնք անուղղակի կերպով իրազեկված են եղել բանակցությունների ընթացքից ուկրաինական կողմի հետ առանձին շփումների միջոցով»,- նշեց մեր զրուցակիցը։ 

Պետրոսյանը հավելեց, որ բանակցային տվյալ ձևաչափը վերաբերում է ոչ միայն Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության ավարտին, այլև Եվրոպայի անվտանգային նոր ճարտարապետությանը, ուստի տրամաբանական է, որ ԵՄ-ն նույնպես պետք է առնվազն ինչ-որ փուլում մասնակից լինի գործընթացին։

«Այս պահին թե՛ Ռուսաստանը, թե՛ ԱՄՆ-ն դիմադրում են ձևաչափի ընդլայնմանը, և դա օբյեկտիվորեն ճիշտ է, քանի որ այս շրջափուլում, երբ դեռ կարգավորման սկզբունքների շուրջ են ընթանում բանակցությունները, ավելի ընդլայնած ձևաչափով գործընթացն արդյունավետության տեսակետից կարող է լուրջ խնդիրներ ունենալ»,- ասաց քաղաքական վերլուծաբանը։

Անդրադառնալով այն դիտարկմանը, որ Աբու Դաբիում բանակցություններին մասնակցում էին ոչ առաջին դեմքերը, Պետրոսյանն ընդգծեց, որ միամտություն կլիներ կարծել, թե ԱՄԷ-ում միանգամից հանդիպելու էին երկրների ղեկավարները, որովհետև վերջիններս նման կոնֆլիկտների պարագայում սեղանի շուրջ նստում են բանակցային գործընթացի վերջնական փուլում, երբ արդեն կա պատրաստի փաստաթուղթ և կողմերը պետք է գնան վերջնական դետալների համաձայնեցման ու ստորագրման։

«Ներկայում նման հնարավորությունը շատ հեռու է, եթե չասենք, որ կարճաժամկետ հեռանկարում նույնիսկ անկանխատեսելի է։ Սովորաբար նման կոնֆլիկտների պարագայում միշտ լինում են բանակցություններ։ Խնդրահարույց է, երբ հակամարտությանը զուգընթաց՝ չկա բանակցային գործընթացի որևէ ակտիվ ձևաչափ։ Դրա առկայությունն անհրաժեշտ է առնվազն հումանիտար բնույթի հարցեր քննարկելու համար, ինչպես նաև որևէ հատվածում ինչ-որ հրադադարի կամ մարտավարական խնդիրներով պայմանավորված արագ լուծումներ փոխհամաձայնեցնելու նպատակով։ Ճիշտ չէ նման ձևաչափերից ակնկալել շուտափույթ արդյունավետություն, սակայն դրանց առկայությունը շատ կարևոր է թեկուզ նվազագույն, բայց որոշակի արդյունքի հասնելու համար»,- եզրափակեց Պետրոսյանը։   

Ռուս-ուկրաինական հակամարտության հանգուցալուծման նպատակով Աբու Դաբիում կայացել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններ։ Եռակողմ հանդիպման թեման վերաբերել է նաև հակամարտությունից հետո Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման առանցքային հարցերին։

Բանակցային գործընթացի մասնակիցները կենտրոնացել են սպառնալիքների կանխարգելման մեխանիզմների մշակման և տարածաշրջանային կայունության ամրապնդման վրա։

Ռուսական պատվիրակությունը գլխավորել է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, իսկ ուկրաինական պատվիրակությունը՝ Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Ռուստեմ Ումերովը։ Ամերիկյան կողմը ներկայացրել են ԱՄՆ նախագահի բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները։

Հայերեն English Русский