2 րոպեի ընթերցում
Նշանավոր պարուսույց, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հովսեփ Շամամյանի ծննդյան 100-ամյակի առթիվ նոյեմբերի 24-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հոբելյանական երեկո կանցկացվի։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառումը մեկ բեմում կհամախմբի հայ պարարվեստի տարբեր սերունդների ներկայացուցիչների՝ մեծարելու Հովսեփ Շամամյանի ստեղծագործական ժառանգությունն ու արվեստում թողած անջնջելի հետքը։
Հոբելյանական երեկոյին Հովսեփ Շամամյանի անվան «Բարեկամություն» պարային համույթը հանդիսատեսին կներկայացնի արվեստագետի լավագույն բեմադրությունները, ինչպես նաև նոր, մասշտաբային պրեմիերաներ։
Հոբելյանական երեկոյին իրենց ելույթներով վարպետի հիշատակին և ստեղծագործական ժառանգությանը հարգանքի տուրք կմատուցեն նաև Երևանի պարարվեստի պետական քոլեջը, Հայաստանի պարի պետական անսամբլը, «Բարեկամություն» պետական անսամբլը, վաստակավոր կոլեկտիվ «Բերդ» պարային անսամբլը, ՀՀ ԶՈւ «Սարդարապատ» պետական անսամբլը և Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիան։
Իր անընդմեջ աշխատանքային գործունեության 70 տարիների ընթացքում, որից 30-ը` պիոներ-դպրոցականների պալատում, Հովսեփ Շամամյանը ստեղծել է մի շարք համույթներ` «Բարեկամություն» (1964թ.), «Զարթոնք», «Արևիկ», «Ժպիտ», «Երջանիկ մանկություն», «Զորավար Անդրանիկ», «Գարուն», «Երիտասարդություն» և այլն: Այս համույթներից այսօր գործում է «Բարեկամություն» համույթը, որը անվանափոխվել է վարպետի մահից հետո և իր պատվին կոչվում է Հովսեփ Շամամյանի անվան «Բարեկամություն» անսամբլ: Պարգևատրվել է Հայաստանի Գերագույն Խորհրդի նախագահության պատվոգրով, Հայաստանի կոմերիտմիության մրցանակով: 1981-ին արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման: