ԱԲ-ն զարգանում է ավելի արագ, քան մարդիկ հասցնում են հասկանալ դրա կարևորությունն ու ռիսկերը. Բուչալտերի մրցանակի դափնեկիր

12 րոպեի ընթերցում

Կանադայի Վանկուվեր քաղաքի Սայմոն Ֆրեյզեր պետական հետազոտական համալսարանի (Simon Fraser University) ֆիզիկայի ամբիոնի վարիչ, Բյուրականի աստղադիտարանի արտասահմանյան աշխատակից, ֆիզիկոս, տիեզերաբան պրոֆեսոր, տիեզերագիտության ոլորտում շնորհվող Բուչալտերի հեղինակավոր մրցանակի 2021 թվականի դափնեկիր Լևոն Պողոսյանի հետ «Արմենպրես»-ի հարցազրույցը ծավալվել է գերազանցապես տիեզերքի ընդլայնման խնդիրների շուրջ: Անվանի գիտնականի հետ խոսել ենք նաև Հայաստանում գիտության հեռանկարների և արհեստական բանականության բուռն զարգացման ընթացքի մասին:

Լևոն Պողոսյանը ծնվել է Երևանում, ավարտել պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը՝ մասնագիտացում ստանալով տեսական ֆիզիկայի ամբիոնում: 1993 թվականին տեղափոխվել է Միացյալ Նահանգներ, այնտեղ դոկտորական թեզ է պաշտպանել «Քեյս Վեսթերն ռիզերվ համալսարան»-ում (Case Western Reserve University): Այնուհետև աշխատել է Անգլիայի «Իմփերիալ Քոլեջ» (Imperial College) համալսարանում, ինչպես նաև ԱՄՆ-ի Սիրակյուզի (Syracuse University) և Թաֆթսի (Tufts University) համալսարաններում: Հետագայում արդեն մշտական հիմունքներով հաստատվել է Վանկուվերում, որտեղ բնակվում և աշխատում է արդեն 20 տարի։

- Գիտական ի՞նչ խնդրի ուսումնասիրությամբ եք զբաղված ներկայում:

- Հիմնականում փորձում եմ հասկանալ տիեզերքի ընդլայնման միտումներն ու պատճառները։ Հիմա հասանելի են միջազգային տարբեր կազմակերպությունների իրականացրած տիեզերական շատ հետաքրքիր դիտարկումներ, այդ թվում՝ գալակտիկաների, որոնք կատարվել են տարատեսակ աստղադիտարանների միջոցով: Այդ ուսումնասիրությունների արդյունքները բաց և մատչելի են. ցանկացած մասնագետ կարող է օգտվել դրանցից՝ իր հետազոտություններն իրականացնելիս: Հիմնականում հետաքրքրված եմ այսպես կոչված մութ նյութի ուսումնասիրությամբ: Հիմա տիեզերքում կան երկու տեսակի չպարզված նյութեր՝ մութ նյութը և էներգիան, որոնք միասին կազմում են ամբողջ տիեզերքի էներգիայի 95 տոկոսը: Դրանց բնույթը պարզ չի՝ մեծ խնդիր է: Վերջերս առաջացան նաև նոր շատ հետաքրքիր հարցեր:

Առհասարակ, տիեզերքի ընդլայնումը շուրջ 100 տարի առաջ պարզել էր ամերիկացի աստղագետ Էդվին Հաբլը: Սակայն խնդիրը նրանում է, որ ընդլայնման արագությունը տարբեր ձևերով հաշվարկելիս ստանում ենք տարբեր արդյունքներ: Խոսքը Հաբլի հաստատունի մասին է (Էդվին Հաբլի անունը կրող օրենքում ներառված գործակից, որը մինչև արտագալակտիկական օբյեկտ, օրինակ, գալակտիկա կամ քվազար, եղած տարածությունը կապում է նրա հեռանալու արագության հետ–խմբ.): Դա նշանակում է, որ մեր տեսության մեջ ինչ-որ շատ կարևոր բան դեռ չենք հասկացել:

- Թեպետ նշեցիք, որ տիեզերքի ընդլայնման արագության վերաբերյալ տարբեր հաշվարկներ կան, այնուհանդերձ, մոտավորապես հնարավո՞ր է ասել, թե ինչ ցուցանիշի մասին է խոսքը:

- Վայրկյանում հարյուրավոր կիլոմետրերի:

- Տիեզերական չափանիշներով դա ինչպիսի՞ ցուցանիշ է:

- Մեծ, ու այդ արագացումը գնալով աճում է, այսինքն՝ տիեզերքն անընդհատ ընդլայնվում է հարաճուն արագությամբ:

- Դա ինչի՞ կարող է հանգեցնել, հնարավո՞ր է տեղի ունենա նոր Մեծ պայթյուն։

- Ոչ: Տիեզերքի ընդլայնումը նշանակում է, որ մյուս գալակտիկաները մեզնից հեռանում են: Հիմա պատկերացրեք, որ այդ հեռացման արագությունը գնալով մեծանում է: Եթե դա տեղի է ունենում լույսի արագությունից ավելի բարձր արագությամբ, ապա այդ լույսը ինչ-որ պահի այլևս չենք տեսնի։ Հեռավոր այն գալակտիկաները, որոնք այսօր հետազոտում ենք, հնարավոր է, այլևս տեսանելի չլինեն մոտ 100 միլիոն կամ մեկ միլիարդ տարի հետո: Տեսանելի ապագայի մասին չեմ խոսում, ուստի տագնապելու որևէ առիթ չկա: Սակայն տիեզերական հաշվարկներով 100 միլիոն տարին մեծ ժամանակ չէ։

- Ընդլայնումն ուղեկցվո՞ւմ է էներգիայի արտազատմամբ և հնարավո՞ր է այն օգտագործել երկրային կարիքների համար:

- Դրա ձևը դեռ չի գտնվել, բայց դա չի նշանակում, որ երբեք չի գտնվի: Հիմա ենթադրում ենք, որ ընդլայնման արագացումը բխում է էներգիայից, որը վակուումի էներգիան է: Փաստորեն, անգամ ոչինչը (նույնիսկ եթե օդ չլիներ, մասնիկներ չլինեին), այդ վակուում ասածը, էներգիա ունի։ Եթե կարողանանք դա հասկանալ՝ ո՞վ գիտի, գուցե, կարողանանք օգտագործել այդ էներգիան: Անգամ մասնագետների համար միանգամից դժվար է ընկալել, թե ինչպե՞ս կարող է ոչինչը՝ վակուումը, էներգիա ունենալ: Մենք գիտենք, որ նյութի ծավալի ավելացմանը զուգահեռ նրա խտությունը փոքրանում է: Այս պարագայում դիտարկումները ցույց են տալիս, որ տիեզերքն ընդլայնվում է, բայց նրա խտությունը չի փոխվում՝ այդ մութ էներգիայի խտությունը մնում է կայուն: Ֆիզիկայում շատ դժվար է գտնել այսպիսի մեկ այլ օրինակ: Միայն վակուումը կարող է ունենալ նման հատկություն: Այդ ոչինչը, անօդ միջավայրը՝ վակուումն ունի էներգիա, որի խտությունը մնում է անփոփոխ: Միշտ նույնը լինելը վակուումի հատկություններից մեկն է: Դա հասկանալու համար, երևի, կարիք կլինի դիմել քվանտային դաշտի տեսությանը և գրավիտացիայի ընդհանուր տեսությանը, որոնք հիմա գոյություն չունեն: Տիեզերաբանության ուսումնասիրություններն այդ տեսություններին հասնելու մի ձև են մեզ համար: Գրավիտացիան և քվանտային դաշտի մեխանիկան հասկանալու դեպքում կկարողանանք և՛ ընկալել ու նկարագրել վակուումը, և՛ որոշել այդ էներգիան ստանալու ու օգտագործելու միջոցը:

- Մարդկությունն արդեն փորձո՞ւմ է լուծել այդ խնդիրը:

- Լավագույն մասնագետները, սկսած՝ Էյնշտեյնից, արդեն շուրջ կես դար փորձում են հասկանալ այդ խնդիրը: Ինձ թվում է դրան նպաստող խելացի մտահղացում կարող է առաջանալ ցանկացած պահի: Կարծում եմ՝ մարդկությունը պարզապես սպասում է դրան: Դիտարկումներն, իհարկե, օգնում են, բայց պահանջվում է թարմ մոտեցում:

- Տիեզերքի համընդհանուր ընդլայնման պայմաններում մեր գալակտիկան միայն հեռանո՞ւմ է մյուսներից, թե՞ նաև իր դիրքն է փոխում նրանց համեմատ։

- Իր դիրքը փոխում է մյուսների համեմատ: Սա շատ կարևոր է շեշտել, որովհետև ներքին դիրքավորման փոփոխություն տեղի չի ունենում, քանի որ գրավիտացիան  պահում է մեր գալակտիկայի բոլոր օբյեկտները:

- Դրանով իսկ կանխո՞ւմ է հնարավոր գլոբալ աղետը:

- Երբ անչափ հեռավոր հեռանկարում բոլոր աստղերի նյութը վառվի ու ոչնչանա և ամեն ինչ վերածվի փոշու՝ հնարավոր է, որ մեր գալակտիկան էլ սկսի լայնանալ, ինչը կհանգեցնի եղած նյութի վերացման: Բայց մինչ այդ մեր գալակտիկայի ահռելի էներգիան պետք է այրվի ու սպառվի: Միայն դրանից հետո տիեզերքի լայնացումը որևէ կերպ կազդի մեր գալակտիկայի վրա։

- Վերադառնանք մեր իրականություն: Ձեր ուսումնասիրությունների վերաբերյալ համագործակցո՞ւմ եք Հայաստանի գիտական հիմնարկների հետ:

- Բյուրականի աստղադիտարանն ունի գիտական այլ մասնագիտացում. այստեղ հիմնականում զբաղվում են աստղերի ուսումնասիրությամբ, իսկ տիեզերքի ընդհանուր լայնացման պրոցեսները չեն ուսումնասիրում: Սակայն Ֆիզիկայի ինստիտուտում և Երևանի պետական համալսարանում ունեմ այս խնդրով զբաղվող գործընկերներ, որոնց հետ իրականացնում ենք որոշ նախագծեր: Մտադիր ենք նաև դասընթացներով հանդես գալ մագիստրատուրայի ուսանողների համար ու ստեղծել ասպիրանտուրայի միջազգային մի հարթակ, որպեսզի մեր երիտասարդները կարողանան պաշտպանել թեզեր, աշխատանքներ կատարել արտերկրի լավագույն մասնագետների օգնությամբ և միանալ միջազգային գիտական հանրությանը:

- Ձեր շփումներից և դիտարկումներից ելնելով՝ ինչպե՞ս եք գնահատում աստղագիտության և տիեզերաբանության ոլորտում Հայաստանի գիտական ներուժը:

- Դժվար է միանշանակ պատասխանել այդ հարցին, բայց իմ տպավորությամբ՝ մեր երիտասարդներն առաջադեմ այլ երկրների հասակակիցների պես կրթված և բանիմաց են: Պարզապես շատերը նախընտրում են զբաղվել ոչ թե գիտությամբ, այլ աշխատել ուրիշ ոլորտներում, այդ թվում՝ IT և արհեստական բանականության, որոնցում և՛ աշխատանքն է շատ, և՛ վարձատրությունն է անհամեմատ բարձր: Այնուհանդերձ, Հայաստանում մեծ է գիտական ներուժը: Ուրախությամբ պետք է նշեմ, որ նման տաղանդավոր երիտասարդներից մեկը շուտով գիտական թեզ է պաշտպանելու և շարունակելու է ուսումը Վանկուվերում: Նրա ու ևս երկու հայաստանցի երիտասարդների հետ ծանոթացել եմ այս ձմռանը Լեհաստանում, որտեղ աստղագետ, պրոֆեսոր Արմեն Սեդրակյանն ամեն տարի կազմակերպում է հատուկ դպրոց: Այդ երիտասարդները Երևանի պետական համալսարանի մագիստրատուրայի ուսանողներ են: Մտադիր ենք նպաստել Հայաստանում երիտասարդ տաղանդավոր գիտնականների շատացմանը: Կարծում եմ, հեռանկարի ձևավորման, միջազգային մակարդակի լուրջ աշխատանքներ կատարելու հնարավորության առաջացման դեպքում կկարողանանք հասնել որակապես նոր աստիճանի: Այս առումով շատ կարևոր է նաև օգտագործել սփյուռքում ապրող և աշխատող մեր գիտնական հայրենակիցների կարողությունները:

- Ինչպե՞ս եք գնահատում արհեստական բանականության դերն ու նշանակությունը գիտության ոլորտում:

- Դա հրաշալի գործիք է, որից օգտվում եմ նաև ես: ԱԲ-ն զարգանում է ավելի արագ, քան մարդիկ հասցնում են հասկանալ դրա կարևորությունն ու ռիսկերը: ԱԲ-ի բուռն զարգացման վերաբերյալ վերջերս որոշակի մտահոգություն էին հայտնել մաթեմաթիկոսները, քանի որ արհեստական բանականությունը կարողացել էր լուծել մի շատ բարդ խնդիր: Եվ հիմա շատերը փորձում են հասկանալ դրա նշանակությունը գիտության և, ընդհանրապես, մարդկության համար։ Ինձ թվում է, այդ հարցի պատասխանը դեռ չկա:

- Կգա՞ մի ժամանակ, երբ ԱԲ-ն գիտությունից ամբողջությամբ դուրս կմղի մարդկանց, որոնք չեն դիմանա մեքենաների հետ մրցակցությանը:

- Կարող եմ վստահորեն ասել, որ գիտության մեջ մարդկանց դերը կփոխվի, բայց ամբողջությամբ չի վերանա: Պարզապես, անիմաստ կդառնան շատ բաներ, որոնք հիմա անում ենք: Մարդկանց դերը գիտությունում միշտ կմնա:

Կարող են փոխվել կրթության ավանդական ձևերը՝ հնարավոր է այլևս կարիք չլինի այցելել բուհեր, լսել ու գրի առնել լեկցիաներ: Ուսանողները նույնը կարող են անել տանը՝ լսելով համապատասխան թեմայով արհեստական բանականության մշակած և մատուցած լեկցիաները ու կատարելով նրա առաջարկած տնային հանձնարարությունները: Բայց դա չի նշանակում, որ համալսարաններն այլևս պետք չեն լինի: Ուղղակի բուհերը պետք է վերանայեն դասավանդման ձևերն ու բովանդակությունը, առաջարկեն այն, ինչ արհեստական բանականությունը դեռևս չի կարող անել: Օրինակ, որդեգրեն ստեղծագործական, պրակտիկ մոտեցումներ՝ հիմնված մարդկանց անմիջական համագործակցության և շփման վրա: Դա շատ կարևոր է։

Հայերեն English

Եվրոպական ինդեքսներ - 09/11/26

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 09/11/26

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են - 09/11/26

Նավթի գները նվազել են - 09/11/26

Հայկական երաժշտությունը՝ սառույցի վրա․ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը հանդես կգան «Վերադարձրու ինձ երաժշտությունը» շոուի շրջանակում

Իրանի փոխնախագահը մեծարել է իրանահայ ականավոր արվեստագետ Լորիս Ճգնավորյանին

Հանրապետականները կաշխատեն զսպել Թրամփին և հետ պահել իրենց վարկանիշը նվազեցնող քայլերից. քաղաքագետի վերլուծությունը

ԱԲ-ն զարգանում է ավելի արագ, քան մարդիկ հասցնում են հասկանալ դրա կարևորությունն ու ռիսկերը. Բուչալտերի մրցանակի դափնեկիր

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել` 40 քաղաքացու

Մարգուս Ցահքնան Արարատ Միրզոյանին շնորհել է Էստոնիայի արտաքին գործերի նախարարության «Արժանիքների խաչ» առաջին աստիճանի շքանշան