Հանրապետականները կաշխատեն զսպել Թրամփին և հետ պահել իրենց վարկանիշը նվազեցնող քայլերից. քաղաքագետի վերլուծությունը

9 րոպեի ընթերցում

Քաղաքագետ Գարիկ Քեռյանը կարծում է, որ ԱՄՆ-ում Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքները միանգամայն կանխատեսելի էին և դրա համար, ըստ նրա, կան երկու հիմնական գործոններ։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Գարիկ Քեռյանն անդրադարձավ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի և Սենատի միջանկյալ ընտրություններին՝ նշելով ընտրական գործընթացի առանձնահատկություններն ու խոսելով այդ արդյունքներին հանգեցրած հանգամանքների մասին։

«Արդյունքները կանխատեսելի էին, և փորձագիտական-վերլուծական կենտրոնների մեծ մասում գրեթե գերակշիռ մեծամասնությունը կանխատեսում էր, որ հանրապետականները կորցնելու էին իրենց մեծամասնությունը։ Դա պայմանավորված էր երկու հիմնական գործոնով։ Առաջինն այն է, որ նախագահ Դոնալդ Թրամփը ձախողվեց Իրանի դեմ մղվող պատերազմում։ Նա ընկավ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի թակարդի մեջ, որը նրան համոզեց սկսել լայնածավալ գործողություններ Իրանի դեմ։ Թրամփի ու Նեթանյահուի մոտ այն համոզմունքն էր, որ առաջին հարվածներից հետո Իրանում կսկսվեր բողոքի շարժում, վարչակարգը կփոխվեր և նոր վարչակարգի հետ իրենք կկնքեին առավել բարենպաստ պայմանագրեր։ Նույնիսկ նախատեսում էին Իրանի շահի թագաժառանգի վերադարձը։ Բոլորն էլ տեսան, թե այդ ամենն ինչով ավարտվեց։ Նույնիսկ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի սպանությունը հիմք չհանդիսացավ վարչակարգի փոփոխության համար»,- նշեց Քեռյանը։

Ըստ նրա՝ իրանա-ամերիկյան պատերազմը շարունակվում է, իսկ նախորդ ամիսների ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետությունը դարձավ հզոր աշխարհաքաղաքական գործոն։

Նրա գնահատմամբ՝ դիմակայելով ԱՄՆ-Իսրայել դաշինքին՝ Իրանն այսօր փակել է Հորմուզի նեղուցը և դնում է իր պայմանները, ինչը կարող է լուրջ հարված հասցնել ամբողջ աշխարհի էներգետիկ և տնտեսական կարողություններին։

«Այս ամենը քննադատվում էր ԱՄՆ-ի դեմոկրատական ԶԼՄ-ներում Թրամփի հակառակորդների կողմից, որոնք 24-ժամյա ռեժիմով «խայտառակ էին անում» նախագահի տապալված մերձավորարևելյան քաղաքականությունը, հաշվարկում էին կորուստները, զոհերը։ Դա շատ հզոր ազդակ էր Թրամփի, հետևաբար նաև Հանրապետական կուսակցության վարկանիշի անկման համար»,- ասաց Քեռյանը։

Քաղաքագետը մատնանշեց նաև երկրորդ գործոնը՝ պնդելով, որ շատերը մոռանում են ևս մեկ կարևոր հանգամանք։

«ԱՄՆ-ում ներքաղաքական փոփոխություններն ամերիկյան քաղաքական մշակույթի համար օրինաչափություն են։ Որպես կանոն՝ երկրորդ աշխարհամարտից հետո, երբ ԱՄՆ-ի նախագահների մեծ մասն իրենց պաշտոնավարման ընթացքում հաղթել են նախագահական ընտրություններում, այդժամ մեծամասնություն են ձեռք բերել Կոնգրեսի երկու պալատներում, սակայն երկու տարի անց, երբ տեղի են ունեցել միջանկյալ ընտրություններ, նախագահների մեծ մասը կորցրել է այդ մեծամասնությունը։ Սա նույնիսկ ոչ թե հաջողությունների կամ անհաջողությունների, տապալումների կամ նվաճումների հետևանք է, չնայած դրանք էլ ունեն իրենց ազդեցությունը, այլ ամերիկյան ընտրողների մոտ կա հետևյալ կանխամտածողությունը։ Նրանք միշտ ձգտում են պետական կառավարման քաղաքական վերնաշենքում ունենալ վերահսկողության և հակակշիռների մեխանիզմներ»,- ասաց Քեռյանը։

Նրա դիտարկմամբ՝ ամերիկացի ընտրողների համար խորթ է այն, որ և՛ օրենսդիր, և՛ գործադիր իշխանությունն ամբողջությամբ լինի մեկ քաղաքական ուժի ձեռքում, ուստի դարձել է օրինաչափություն, չգրված օրենք, երբ նրանք նախագահական ընտրություններում նախապատվությունը տալիս են մեկ քաղաքական ուժի թեկնածուին, իսկ խորհրդարանական միջանկյալ ընտրություններում ձգտում են Կոնգրեսը հանձնել հակառակորդ քաղաքական ուժին, որպեսզի ստեղծեն վերահսկողության և հակակշիռների մեխանիզմներ։

«Այստեղ ես արտառոց բան չեմ տեսնում՝ չնայած այն իրողությանը, որ Հայաստանի ԶԼՄ-ները դա ներկայացնում են որպես չտեսնված, շրջադարձային, վճռորոշ նշանակություն ունեցող քաղաքական իրադարձություն, բայց իրականում ոչ մի տարօրինակ բան տեղի չի ունեցել։ Միշտ էլ այդպես է եղել»,- ասաց քաղաքագետը։

Անդրադառնալով հարցին, թե մինչև 2028 թվականի նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրությունները դեմոկրատները կփորձեն արգելափակե՞լ Թրամփի օրենսդրական նախաձեռնությունները, վերահսկե՞լ ֆինանսավորումը և դժվարացնե՞լ նշանակումները պատասխանատու օղակներում, թե՞ կսկսեն իմփիչմենթի գործընթաց՝ Քեռյանն ընդգծեց, որ ավելի շուտ կդժվարացնեն նախագահի գործը։

«Թրամփի կողմից նշանակվող շատ բարձրաստիճան պաշտոնյաներ պետք է ստանան Սենատի համաձայնությունը, կամ դա պետք է քննարկվի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում։ Դա վերաբերում է նաև ֆինանսատնտեսական հարցերին, արժութային խնդիրներին, առևտրային, մաքսային պայմանագրերին։ Բայց այստեղ կա մեկ այլ իրողություն։ ԱՄՆ-ի Սահմանադրությունը նախագահին տալիս է անսահմանափակ լիազորություններ։ Եթե մենք դիտարկում ենք Թրամփի կառավարման առանձնահատկությունները, ապա տեսնում ենք, որ ԱՄՆ-ի նախագահն ունի գրեթե միապետի լիազորություններ և վետոյի իրավունք օրենսդիր իշխանության կողմից ընդունված որոշումների նկատմամբ։ Մեխանիզմն այնպիսին է, որ երկու անգամ վետո կիրառելուց հետո նախագահը կարող է իր որոշումն իրագործել առանց Կոնգրեսի համաձայնության»,- ասաց մեր զրուցակից։

Նա հորդորեց չմոռանալ, որ արտաքին քաղաքական ու ֆինանսական կարևորագույն հարցերը մնում են բացառապես ԱՄՆ նախագահի լիազորությունների շրջանակում, և նա կարող է միանձնյա որոշումներ ընդունել։ Քեռյանը պատմությունից բերեց օրինակներ, երբ փորձ է արվել խանգարել, դժվարացնել նախագահի գործը, նույնիսկ իմփիչմենթի ենթարկել նրան, բայց վերջինս կայացրել է իր որոշումները՝ շրջանցելով Կոնգրեսը։ Այդպես եղել է Բուշ ավագի, Բուշ կրտսերի, Քլինթոնի և Օբամայի պաշտոնավարման ժամանակներում։   

«Ճիշտ է, հաջորդ նախագահական ընտրությունները նախատեսված են 2028 թվականի նոյեմբերին, սակայն ամերիկյան Սահմանադրության համաձայն՝ նախագահն իր լիազորությունները հանձնում է միայն հաջորդ տարվա հունվարին, այսինքն՝ մինչև 2029 թվականի հունվարի 20-ը գործադիր իշխանությունը պատկանում է Թրամփին։ Որքան էլ դժվարացնեն նրա գործը, այնուամենայնիվ, կարևորագույն որոշումները կայացնելու է հենց նա»,- նշեց քաղաքագետը։

Պատասխանելով այն հարցին, թե Վաշինգտոնում հաստատված նոր հավասարակշռությունն ինչպե՞ս կազդի ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության վրա՝ մեր զրուցակիցը շեշտեց, որ Թրամփը, ամենայն հավանականությամբ, կսկսի ավելի նրբանկատ գործել, որովհետև հանրապետականների վերնախավը ամեն դեպքում մտածում է մի քայլ առաջ, մտածում է հաջորդ ընտրությունների մասին, և այն քայլերը, որոնք իրականացնում է Թրամփը, և որոնք ազդում են Հանրապետական կուսակցության վարկանիշի վրա, շատ հնարավոր է, որ մեղմացվեն կամ չիրականացվեն։

«Նպատակը Հանրապետական կուսակցության վարկանիշը որոշակի մակարդակի վրա պահելն է, որպեսզի հաջորդ ընտրություններում հնարավոր լինի առաջադրել մրցունակ թեկնածուի։ Ենթադրում եմ, որ Հանրապետական կուսակցությունն արդեն իսկ կենտրոնացել է փոխնախագահ Վենսի թեկնածության վրա։ Եթե Թրամփը շարունակի իրականացնել ձախողված քայլեր՝ նվազեցնելով հանրապետականների վարկանիշը, բնական է, որ Վենսը հաղթելու ոչ մի հնարավորություն չի ունենա 2028 թվականի նախագահական ընտրություններում։ Այդ առումով Վենսն ու նրա շրջապատը կաշխատեն զսպել Թրամփին, նրան հետ պահել այն որոշումներից կամ քայլերից, որոնք կարող են վնասել հանրապետականների հեղինակությանը»,- եզրափակեց Քեռյանը։  

Նոյեմբերի 3-ին Միացյալ Նահանգներում կայացած Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքներով Դեմոկրատական կուսակցությունը հաղթանակ է տարել և վերահսկողություն  ստացել Կոնգրեսի երկու պալատներում՝ Ներկայացուցիչների պալատում և Սենատում։

Ընտրություններն անցկացվել են Կոնգրեսի ստորին պալատի բոլոր 435 տեղերի, ինչպես նաև Սենատի 100 տեղերից 35-ի համար։

Հայերեն Русский

Եվրոպական ինդեքսներ - 09/11/26

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 09/11/26

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են - 09/11/26

Նավթի գները նվազել են - 09/11/26

Հայկական երաժշտությունը՝ սառույցի վրա․ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը հանդես կգան «Վերադարձրու ինձ երաժշտությունը» շոուի շրջանակում

Իրանի փոխնախագահը մեծարել է իրանահայ ականավոր արվեստագետ Լորիս Ճգնավորյանին

Հանրապետականները կաշխատեն զսպել Թրամփին և հետ պահել իրենց վարկանիշը նվազեցնող քայլերից. քաղաքագետի վերլուծությունը

ԱԲ-ն զարգանում է ավելի արագ, քան մարդիկ հասցնում են հասկանալ դրա կարևորությունն ու ռիսկերը. Բուչալտերի մրցանակի դափնեկիր

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել` 40 քաղաքացու

Մարգուս Ցահքնան Արարատ Միրզոյանին շնորհել է Էստոնիայի արտաքին գործերի նախարարության «Արժանիքների խաչ» առաջին աստիճանի շքանշան