Սփյուռքը պետք է Հայաստանը դիտարկի նաև որպես բիզնես հնարավորությունների հարթակ. Պետրոս Ասթուրյան
7 րոպեի ընթերցում
Հայաստանի և սփյուռքի միջև համագործակցությունը պետք է դուրս գա միայն ֆինանսական աջակցության շրջանակից և զարգանա նաև գործարարության, տեխնոլոգիաների ու մասնագիտական փորձի փոխանակման ուղղությամբ։ Այսօր Հայաստանն ունի բազմաթիվ հնարավորություններ, որոնց մասին սփյուռքահայերը հաճախ բավարար տեղեկացված չեն։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում նշեց Ֆրանսիայից սփյուռքի երիտասարդ դեսպան Պետրոս Ասթուրյանը՝ կարևորելով Հայաստանի վերաբերյալ սփյուռքում ձևավորված պատկերացումների փոփոխությունը։
«Այսօր Հայաստանի հետ կապված ընկալումների փոփոխության խնդիր կա։ Երբ սփյուռքահայերը խոսում են Հայաստանի մասին, հաճախ դեռ պատկերացնում են վերջին 30-35 տարիների այն երկիրը, որը սփյուռքի ֆինանսական աջակցության կարիքն ուներ։ Սակայն այսօր Հայաստանն այլևս նույնը չէ։ Այստեղ կան բազմաթիվ մարդիկ, որոնք ֆինանսական մեծ հնարավորություններ ունեն։ Մենք պետք է աշխատենք, որպեսզի սփյուռքահայերը հասկանան, որ Հայաստանում կան բազմաթիվ հնարավորություններ, այդ թվում՝ գործարարության և տեխնոլոգիական ոլորտներում»,- ասաց Ասթուրյանը։
Նրա խոսքով՝ Ֆրանսիայում և այլ երկրներում ապրող բազմաթիվ հայ մասնագետներ համագործակցում են միջազգային ընկերությունների և շուկաների հետ, սակայն հաճախ չեն պատկերացնում, որ իրենց մասնագիտական գիտելիքներն ու փորձը կարող են կիրառել նաև Հայաստանում։
«Մենք ունենք սփյուռքահայ մասնագետներ, որոնք աշխատում են Ֆրանսիայի, արաբական երկրների, Հնդկաստանի և այլ երկրների հետ։ Նրանք հայ են, սակայն երբեմն պարզապես չգիտեն, որ կարող են գործարար համագործակցություն հաստատել նաև Հայաստանի հետ։ Մեզ անհրաժեշտ են ծրագրեր, որոնք կօգնեն նրանց բացահայտել այդ հնարավորությունները»,- ընդգծեց նա։
Ասթուրյանն այս համատեքստում կարևորեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերը, այդ թվում՝ «Սփյուռքի երիտասարդ դեսպան» և «իԳործ» նախաձեռնությունները։
Նրա համոզմամբ՝ անհրաժեշտ է ընդլայնել նման ծրագրերը, որպեսզի հատկապես այն սփյուռքահայերը, որոնք երբևէ չեն այցելել Հայաստան, հնարավորություն ունենան անձամբ ծանոթանալու երկրի ենթակառուցվածքներին, գործարար միջավայրին և տեխնոլոգիական ներուժին։
«Կարևոր է, որ սփյուռքահայերը գան Հայաստան, տեսնեն, թե ինչ ենթակառուցվածքներ կան, ինչ ընկերություններ են գործում, ովքեր են աշխատում այստեղ և ինչով են զբաղվում։ Այդ ժամանակ նրանք կհասկանան, որ հնարավոր է ոչ միայն աջակցություն ցուցաբերել Հայաստանին, այլև աշխատել, բիզնես հիմնել և եկամուտ ստանալ»,- նշեց սփյուռքի երիտասարդ դեսպանը։
Անդրադառնալով սեփական փորձին՝ Ասթուրյանը պատմեց, որ 2024 թվականին Հայաստանում հիմնել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ծառայություններ մատուցող ընկերություն։
«Երբ 2024 թվականին եկա Հայաստան՝ ընկերություն հիմնելու, այստեղ գրեթե ոչ ոքի չէի ճանաչում։ Միայնակ էի եկել, պետք է զբաղվեի փաստաթղթերով, գտնեի իրավաբաններ և կազմակերպեի ամբողջ գործընթացը։ Սակայն կարողացանք հիմնել ընկերությունը: Իմ փորձը ցույց է տալիս, որ սփյուռքի մեր համայնքի ներկայացուցիչները նույնպես կարող են նման բիզնեսներ հիմնել Հայաստանում»,- պատմեց նա։
Նրա խոսքով՝ Ֆրանսիայի հայկական համայնքում կան տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի բազմաթիվ բարձրակարգ մասնագետներ, որոնք կարող են իրենց գիտելիքներն ու կապերն օգտագործել Հայաստանում նոր ընկերություններ ստեղծելու կամ գործող հայկական ընկերությունների հետ համագործակցելու համար։
«Փարիզի հայկական համայնքում ունենք շատ ուժեղ և խելացի ՏՏ մասնագետներ։ Եթե նրանք որոշեն զբաղվել ձեռնարկատիրությամբ և գան Հայաստան, այստեղ շատ բան կարող են անել։ Միաժամանակ կան նաև հայեր, որոնք աշխատում են ֆրանսիական խոշոր ընկերություններում և բարձր պաշտոններ են զբաղեցնում։ Նրանք նույնպես կարող են նպաստել, որ այդ ընկերությունները համագործակցեն Հայաստանի հետ»,- ասաց Ասթուրյանը։
Նա օրինակ բերեց ծրագրային ապահովման ոլորտը՝ նշելով, որ ֆրանսիական ընկերությունները նոր ծրագրավորողներ կամ տեխնոլոգիական լուծումներ փնտրելիս կարող են դիտարկել նաև հայկական շուկան։
Անդրադառնալով Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովի նշանակությանը՝ Ասթուրյանը կարևորեց աշխարհի տարբեր երկրներից ժամանած հայերի միջև անմիջական շփումների և նոր համագործակցությունների ձևավորման հնարավորությունը։
«Ինձ համար Համաշխարհային հայկական գագաթնաժողովը շատ կարևոր նախաձեռնություն է։ Սա հնարավորություն է, որ սփյուռքում ապրող հայերը գան Հայաստան, տեսնեն, թե այստեղ ինչ է կատարվում, ինչպես նաև ծանոթանան աշխարհի տարբեր երկրներում ապրող մյուս հայերի գործունեությանը»,- նշեց նա։
Ասթուրյանի խոսքով՝ գագաթնաժողովի կարևորությունը միայն պաշտոնական ելույթներով և քննարկումներով չի սահմանափակվում։ Ոչ պակաս նշանակություն ունեն մասնակիցների միջև անմիջական շփումները, որոնց արդյունքում կարող են ծնվել նոր գաղափարներ և համատեղ ծրագրեր։
Ամփոփելով խոսքը՝ սփյուռքի երիտասարդ դեսպանը շեշտեց, որ համահայկական համագործակցության զարգացման համար անհրաժեշտ է ստեղծել ավելի շատ հարթակներ, որտեղ աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերը հնարավորություն կունենան ճանաչելու միմյանց, փոխանակելու փորձն ու ձևավորելու գործարար կապեր։
«Կարևոր է, որ աշխարհի բոլոր հայերը միմյանց հետ շփվեն։ Մենք նման հնարավորություններ հաճախ չենք ունենում, և շատ լավ է, որ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն աշխատում է այսպիսի ծրագրերի իրականացման ուղղությամբ»,- եզրափակեց Պետրոս Ասթուրյանը։