5 րոպեի ընթերցում
Սահմանադրական դատարանի նորընտիր նախագահ Վլադիմիր Վարդանյանը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության պրոցեսում Դատարանի անդամների վրա որևէ ճնշում չի եղել։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Վլադիմիր Վարդանյանն այդ մասին ասել է լրագրողների հետ զրույցում։
Հիշեցնենք, որ ՍԴ նախագահի ընտրության արդյունքներով կառույցի նախագահ էր ընտրվել Վլադիմիր Վարդանյանը։ Նույն պաշտոնի համար առաջադրվել էր նաև Էդգար Շաթիրյանը։ Շաթիրյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ ընտրության արդյունքները իր համար անկանխատեսելի չէին։ Լրագրողների հարցերին, թե արդյոք տեղեկություննե՞ր ունի, որ ՍԴ անդամների նկատմամբ ճնշումներ են եղել, Շաթիրյանը չէր պատասխանել։
Վլադիմիր Վարդանյանը, անդրադառնալով հարցին, թե արդյոք ՍԴ նախագահի ընտրության գործընթացում դատավորների նկատմամբ ճնշումներ են եղել, պատասխանել է.
«Որևէ եղանակով, որևէ անձի նկատմամբ որևէ ճնշում թույլատրելի չէ, դատապարտելի է, և նման որևիցե ազդեցություն չի եղել։ Մենք ներկայացրել ենք համապատասխան ծրագրեր, ես և պարոն Շաթիրյանն առաջադրվել ենք համապատասխան պաշտոնի, և դատարանը գաղտնի քվեարկությամբ որոշում է կայացրել։ Գիտեք, յուրաքանչյուր ոք իրավունք ունի արտահայտելու այս կամ այն կարծիքը, բայց մենք, գտնվելով երդման ներքո, պարտավոր ենք առաջնորդվել Սահմանադրական դատարանի մասին օրենքով նախատեսված կարգավորումներով և Սահմանադրությամբ, և ավելին ես այստեղ ասել չեմ կարող ոչ թե նրա համար, որ փորձում եմ խուսափել պատասխանից, այլ նրա համար, որ օրենքը որոշակի սահմանափակումներ է դնում հենց Դատարանի դատավորների վրա»։
Վլադիմիր Վարդանյանի հետ ՍԴ նախագահի պաշտոնի համար պայքարած Էդգար Շաթիրյանը նաև հայտարարել էր, որ «ՍԴ նախագահի պաշտոնում Վլադիմիր Վարդանյանի ընտրությամբ եղավ դարձ ի շրջանս յուր»՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները ժամանակին քննադատում էին ու կասկածի տակ էին դնում Հրայր Թովմասյանի անաչառությունը, որը եղել էր Հանրապետական կուսակցության անդամ ու հետո դարձել էր ՍԴ նախագահ։
Լրագրողի հարցին, թե մտավախություն չունի՞, որ իր ընտրությամբ այդ նույն խոսակցությունները սկսելու են շրջանառվել և իր անաչառությունն էլ կարող է կասկածի տակ դրվել՝ հաշվի առնելով, որ ինքն էլ եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ և Ազգային ժողովի պատգամավոր, Վարդանյանը պատասխանել է.
«Այո, ես եղել եմ պատգամավոր, եղել եմ կուսակցության անդամ, բայց դատավորի երդումը տալուց հետո յուրաքանչյուրս պարտավորվում է առաջնորդվել տրված երդմամբ, և ես երդման շրջանակներում եմ տալիս իմ պատասխանները։ Դատարանը պետք է մնա ապաքաղաքական, դատարանը պետք է մնա սահմանադիրի կամքին հետևող, Սահմանադրական դատարանը պետք է շարունակի կատարել իր գործառույթները, այնպես ինչպես դա կանխորոշել է սահմանադիրը, ինչպես սահմանված է Սահմանադրությամբ։ Որևիցե քաղաքական հայտարարություն ՍԴ որևէ անդամի կողմից չպետք է դիտարկվի որպես թույլատրելի հայտարարություն։ Ես կարող եմ ասել հետևյալը՝ ՍԴ-ն պետք է մնա բացառապես ապաքաղաքական։ Եթե ուսումնասիրեք ՍԴ-ի պատմությունը, կտեսնեք, որ ոչ միայն Հրայր Թովմասյանը, այլ նաև շատ այլ դատավորներ խորհրդարանական փորձառությունից հետո են եկել ու միացել Սահմանադրական դատարանին։
Եթե ուսումնասիրեք օտարերկրյա պետությունների պրակտիկան, կտեսնեք, որ, օրինակ, Բելգիայի պարագայում այդ երկրի սահմանադրաիրավական համակարգի շրջանակներում Սահմանադրական դատարանի անդամների մի մասը պետք է նախկինում պատգամավորի պաշտոնը զբաղեցրած անձինք լինեն։ Սահմանադրական դատարանը ունի իր առանձնահատկությունը, Սահմանադրական դատարանը, ըստ էության, իրականացնում է նաև նեգատիվ օրենսդիրի գործառույթներ։ Չեմ ցանկանում այս քննարկումը դասախոսության վերածել, բայց, այդուհանդերձ, սկզբունքը հետևյալն է՝ ով որտեղից էլ գա, նա պարտավոր է գտնվել երդման ներքո և իրականացնել այն գործառույթները, որոնց համար լիազորվել է Սահմանադրությամբ»։