Բուլղարիայի 35-րդ անտարկտիկական արշավախմբի մասնակիցների առաջին խումբը մեկնել է սառցե մայրցամաք. BTA
2 րոպեի ընթերցում
Հոդվածը հրապարակվում է «Արմենպրես»-ի և BTA-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում։
Բուլղարիայի 35-րդ անտարկտիկական արշավախմբի մասնակիցների առաջին խումբը նոյեմբերի 5-ին «Վասիլ Լևսկի» օդանավակայանից Bulgaria Air ավիաընկերության չվերթով արդեն մեկնել է Անտարկտիդա։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Բուլղարիայի ազգային լրատվական գործակալությունից (BTA), այս մասին հայտնել են Բուլղարիայի անտարկտիկական ինստիտուտից։
Մասնակիցները կանցնեն Հռոմով, Սան Պաուլոյով, Սանտյագոյով և Պունտա Արենասով։
Խմբի կազմում են Բուլղարիայի Անտարկտիդայի բազայի հրամանատար Կամեն Նեդկովը, բժիշկ Աթանաս Պելտեկովը և այլոք։
Պունտա Արենասում արշավախմբի մասնակիցներին կմիանան երեք ամերիկացի գիտնականներ, այնուհետև խումբը Չիլիի ռազմածովային ուժերի ATF-60 Lientur նավով կուղևորվի դեպի Լիվինգսթոն կղզի, որտեղ գտնվում է Բուլղարիայի «Սուրբ Կլիմենտ Օխրիդսկի» բազան։
Խմբի հիմնական խնդիրն է ձմեռային շրջանից հետո վերաբացել բազան և նախապատրաստել այն հաջորդող խմբերի լայնածավալ աշխատանքների համար։
Ընդհանուր առմամբ, արշավախմբին կմասնակցի 13 երկրից 125 մարդ, որոնք կիրականացնեն ավելի քան 35 գիտահետազոտական նախագիծ։
Բուլղարական ռազմածովային հետազոտական «Սուրբ Կիրիլ և Մեթոդիոս» (RSV 421) նավը նոյեմբերի 4-ին Անտարկտիդա իր հինգերորդ առաքելությամբ մեկնել է Վառնայի նավահանգստից և կաջակցի բուլղարական 35-րդ անտարկտիկական արշավախմբին, կիրականացնի գիտական հետազոտություններ և կօգնի Սմիթ կղզում նոր բուլղարական դաշտային ճամբարի ստեղծմանը։
Նավը նախ կժամանի Անթալիա, որտեղ կկայանա ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության 31-րդ համաժողովը (COP31):
BTA գործակալության ազգային մամուլի ակումբը գործում է RSV 421 նավի վրա 2022 թվականից: BTA-ի ներկայացուցիչները նույնպես մասնակցում են նրա հինգերորդ առաքելությանը: