3 րոպեի ընթերցում
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կոշտ պատասխան է տվել Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկու հայտարարություններին, որոնցում վերջինս Վրաստանի եվրաինտեգրման գործընթացի փաստացի կասեցման և ժողովրդավարական ինստիտուտների քայքայման վտանգի համար պատասխանատվությունը վերագրել էր երկրի իշխանություններին։
Մասնավորապես, նոյեմբերի 4-ին ԵՄ ընդլայնման տարեկան զեկույցը մեկնաբանելիս Հերչինսկին հայտարարել էր, որ Վրաստանը ԵՄ-ին անդամակցելու թեկնածու է մնում միայն թղթի վրա, իսկ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն իր գործողություններով և հակաեվրոպական հռետորաբանությամբ խաթարել է Բրյուսելի հետ կառուցողական երկխոսության հնարավորությունները։ Դիվանագետի խոսքով՝ եվրաինտեգրման գործընթացը վերսկսելու համար իշխանությունները պետք է փոխեն քաղաքական կուրսը։
«Պարոն Հերչինսկին ողբերգական անձնավորություն է։ Կարող եմ ձեզ կրկին ասել դա։ Նա նույնիսկ ավելի ողբերգական անձնավորություն է, քան նրա նախորդը՝ պարոն Հերցելը։ Դուք գիտեք, թե ինչպես պարոն Հերցելն ավարտեց իր դիվանագիտական կարիերան։ Նրան թույլ էին տալիս վրաց ժողովրդի դեմ անել այն ամենը, ինչ ցանկանում էր, իսկ վերջում նրան նույնիսկ արժանի պաշտոն չտրամադրեցին։
Նույնը տեղի է ունենում նաև այս դեպքում․ պարոն Հերչինսկուն թույլ են տալիս վրաց ժողովրդի դեմ անել այն ամենը, ինչ ցանկանում է։ Հենց այդ պատճառով էլ նա իսկապես ողբերգական անձնավորություն է։ Նրա մասին այլ մեկնաբանություն տալ հնարավոր չէ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է Կոբախիձն։
Ինչպես հաղորդում է Georgia Today-ը, Վրաստանի վարչապետըմեղադրել է ԵՄ դեսպանին երկրում ընտրություններին միջամտելու մեջ։ «Այս մարդն ուղղակիորեն և կոպտորեն միջամտել է մեր ժողովրդավարական ընտրություններին, բացահայտ կոչ է արել քվեարկել իշխանությունների դեմ և հօգուտ արմատական ընդդիմության ու հակասահմանադրական կուսակցությունների, ինչպես նաև ուղղակիորեն խրախուսել է բռնությունը մեր երկրում։ Նման մարդու մասին որևէ բովանդակալից մեկնաբանություն տալ հնարավոր չէ։
Երեկ Եվրամիության դեսպանը հարձակվել է վրաց ժողովրդի վրա, և ես արձագանքում եմ դրան։ Նա հարձակվել է վրաց ժողովրդի վրա, երբ հանդես է եկել այն իշխանության դեմ, որն ընտրել է վրաց ժողովուրդը։ Դա հարձակում է հենց ժողովրդի վրա», — լրագրողներին ասել է Կոբախիձեն։