2 րոպեի ընթերցում
Պաշտպանության նախարարության «Բերդի զինվորական հոսպիտալ» պետական հիմնարկի գործունեությունը կդադարեցվի։ Տարածաշրջանի զորամասերի զինծառայողների, նրանց հավասարեցված անձանց և ընտանիքների անդամների բուժօգնության կազմակերպումը վերապահված է Բերդի բժշկական կենտրոնին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության նոյեմբերի 5-ի նիստում։
Պաշտպանության նախարարին հանձնարարվել է որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել հիմնարկի գործունեության դադարեցման և պետական ռեգիստրում հաշվառումից հանելու գործընթացը։
Ուժը կորցրած է ճանաչվել նաև հոսպիտալը ստեղծելու վերաբերյալ Կառավարության՝ 2019 թվականի ապրիլի 18-ի որոշումը։
Ըստ հիմնավորման՝ Բերդի տարածաշրջանում գործող զորամասերի և ստորաբաժանումների բուժապահովումը բժշկական կենտրոնին վերապահելու որոշումն ընդունվել էր դեռևս փետրվարի 5-ին։
Հոսպիտալի գործունեության դադարեցման նախապայման էր համապատասխան բուժօգնության, զորամասերի բժշկական ուղեկցման և բուժկանխարգելիչ միջոցառումների կազմակերպման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը։
Առողջապահության նախարարի հուլիսի 27-ի հրամանով հաստատվել է այդ ծառայությունների կազմակերպման ընթացակարգը, ինչից հետո անհրաժեշտություն է առաջացել ավարտել հոսպիտալի գործունեության դադարեցման իրավական գործընթացը։
Հիմնավորման համաձայն՝ որոշումը պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխություն չի առաջացնում։