Հզոր քաղաքական ազդանշան, նոր դարաշրջանի սկիզբ. օտարերկրյա քաղաքական գործիչներն արձագանքել են ԱՄՆ Կոնգրեսում դեմոկրատների հաղթանակին
3 րոպեի ընթերցում
Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն հզոր քաղաքական ազդանշան է համարում ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության հաղթանակը Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում, որոնց նախնական արդյունքներով դեմոկրատները վերահսկողություն են հաստատում մինչ այդ նախագահ Դոնալդ Թրամփի կուսակից հանրապետականների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատում և Սենատում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
«Սա հզոր քաղաքական ազդանշան է ամերիկացի ընտրողների շրջանում կուրսի փոփոխության վերաբերյալ։ Ամերիկյան քաղաքականության մեջ այժմ հնչում են տեսակետներ, որոնք ավելի մոտ են մեզ, քան այն դիրքորոշումները, որոնց աջակցում են նախագահն ու վարչակազմը, օրինակ՝ կլիմայի և շրջակա միջավայրի, ինչպես նաև արտաքին քաղաքականության և զարգացմանն ուղղված օգնության հարցերում», - ասել է Ստյորեն Reuters-ին։
Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը հայտարարել է, որ չնայած այս արդյունքը սպասելի էր, սակայն դեմոկրատների հաջողությունը «հսկայական» ձեռքբերում է։ Նա հիշատակել է, որ նույնիսկ Տեխասում, որտեղ ավանդաբար հաղթանակ են տարել հանրապետականները, այս ընտրություններում հաղթել են դեմոկրատները։
Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովն իր հերթին, ըստ «ՌԻԱ Նովոստի» գործակալության, կոչ է արել սպասել ընտրությունների վերջնական արդյունքներին։ Նա միևնույն ժամանակ շեշտել է, որ Դեմոկրատական կուսակցության մոտեցումները Ռուսաստանի նկատմամբ «խիստ բացասական են», դրանում ոչ մի նոր բան չկա։ Նա հավելել է, որ ՌԴ արտաքին քաղաքական կուրսը, այդ թվում՝ ուկրաինական կարգավորման հարցով, կախված չէ այլ երկրներում քաղաքական տատանումներից։
Իր հերթին, Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան լրագրողներին հայտնել է, որ ընտրությունների արդյունքները «նոր դարաշրջանի» սկիզբ կդնեն համաշխարհային հարաբերություններում։ Նա նշել է, որ Ամերիկայի ժողովուրդն ասել է իր խոսքը։