1 րոպեի ընթերցում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից Հայաստանին հեռացնելու մասին խոսք չկա։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը՝ Եվրասիական անվտանգության հարցերով Մինսկի 4-րդ միջազգային համաժողովի շրջանակում կայացած ճեպազրույցում։
Մասադիկովը նաև տեղեկացրել է, որ ռուսական կողմն արդեն պատրաստել է Հայաստանին վերաբերող կոնկրետ լուծում, որը կառաջարկվի ՀԱՊԿ անդամ պետություններին։
«Այս տարի, եթե օրակարգը հաստատվի, հարցը կքննարկվի նոյեմբերի 10-ին կայանալիք Հավաքական անվտանգության կազմակերպության խորհրդի նիստում։
Հայաստանին վերաբերող հարցը կապված է անդամավճարները չտալու և երկու տարի ՀԱՊԿ-ի աշխատանքներին չմասնակցելու հետ»,- ասել է Թաալաթբեկ Մասադիկովը։
Նա մանրամասնել է, որ Հայաստանի նկատմամբ կարող է կիրառվել ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածը, այսինքն՝ երկիրը կարող է զրկվել քվոտային կարգով ՀԱՊԿ պաշտոններում իր թեկնածուներին առաջադրելու, ինչպես նաև ձայնի իրավունքից այնքան ժամանակ, մինչև չի վճարի անդամավճարներից գոյացած պարտքը։
Հիշեցնենք, որ Հայաստանը 2024 թվականի փետրվարից սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին։