1 րոպեի ընթերցում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Կիև հրավիրելն իմաստ չունի, քանի որ ռուսական կողմը չի ընդունի այդ հրավերը։ Նույն կերպ ապակառուցողական է Ուկրաինայի նախագահին Մոսկվա հրավիրելը։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ն, այս մասին նոյեմբերի 3-ին Բեռլինում Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
«Պուտինին Կիև հրավիրելն իմաստ չունի, քանի որ նրանք չեն գա։ Հրավիրել, որպեսզի չգան, ապակառուցողական է։ Նույն կերպ՝ ինձ Մոսկվա հրավիրելը»,- ասել է Զելենսկին։
Անդրադառնալով Պուտինի հետ հեռախոսազրույցի հնարավորությանը՝ Ուկրաինայի նախագահը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանն այն կարող է օգտագործել որպես հետագայում անձնական հանդիպումից խուսափելու պատճառ։ Նրա գնահատմամբ՝ նման զրույցը կարող է վերածվել պատմական թեմաների քննարկման՝ պատերազմի ավարտին ուղղված իրական քայլերի փոխարեն։
Զելենսկին ընդգծել է, որ պատերազմն ավարտելու վերաբերյալ պայմանավորվածությունների հասնելու համար անհրաժեշտ են հանդիպումներ, բանակցություններ և հրադադարի ուղղությամբ առաջին քայլը։