Պատգամավորն առաջարկել է ԱԺ-ում թմրանյութերի շրջանառության դեմ պայքարի վերաբերյալ լայն քննարկում անցկացնել
3 րոպեի ընթերցում
Թմրանյութերի շրջանառության դեմ պայքարի խնդիրները պետք է քննարկել Ազգային ժողովում՝ ոստիկանության, Քննչական կոմիտեի և մյուս պատասխանատու մարմինների մասնակցությամբ՝ բացահայտելու համակարգում առկա բացերը և ապահովելու պատժի անխուսափելիությունը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է պատգամավոր Լիլիթ Մինասյանը՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2027 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների ընթացքում հարց ուղղելով Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին։
Մինասյանը հայտարարել է, որ իրեն հայտնի են դեպքեր, երբ տնային կալանքի տակ գտնվող անձը շարունակում է զբաղվել թմրանյութերի վաճառքով։ Նա ընդգծել է, որ առգրավված թմրամիջոցների և մեղադրյալների թվերի ներկայացմանը զուգահեռ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև գործերի դատական արդյունքներին։
«Ես գիտեմ օրինակներ, որ տնային կալանքի տակ մարդը շարունակում է զբաղվել թմրանյութերի վաճառքով։ Ես նախորդ քննարկումներին անընդհատ բարձրաձայնել եմ, որ փոքր տեղային լուծումներ չտանք, ավելի շատ ռեսուրս կենտրոնացնենք մաքսանենգության ճանապարհով թմրանյութերի ներմուծման մասով։ Բայց, միևնույն է, այդ խնդիրն այստեղ ահագին է»,- ասել է պատգամավորը։
Նա շեշտել է, որ պայքարի արդյունավետությունը գնահատելիս կարևոր են նաև մեղադրական դատավճիռներն ու պատժի անխուսափելիությունը։
Անդրադառնալով դատական փուլին՝ Պողոսյանը պարզաբանել է, որ մեղադրական եզրակացությամբ գործը դատախազին հանձնելուց հետո Քննչական կոմիտեն այլևս չի իրականացնում դրա հետագա վարույթը։ Դատարանի կողմից գործը վարույթ ընդունելուց հետո վարույթն իրականացնող մարմինը դատարանն է։
«Իմ կարծիքով՝ վարույթն իրականացնող մարմինն է պատասխանատու ցանկացած փուլում գործի ձգձգման և արդյունավետության համար։ Հիմա այդ փուլում դատարաններն են»,- նշել է ՔԿ նախագահը։
Մինասյանը քննարկման ավարտին կրկնել է խորհրդարանում թեմային առանձին անդրադառնալու առաջարկը՝ նշելով, որ դրան պետք է մասնակցեն նաև ընդդիմադիր գործընկերները։
«Ինչ վերաբերում է թմրանյութերին, ես ակնկալում եմ՝ Ազգային ժողովում մեր ընդդիմադիր գործընկերների հետ մեկտեղ մենք լայն քննարկում անենք, հասկանանք՝ որտեղ ունենք բացեր»,- ասել է նա։