1 րոպեի ընթերցում
ՀՀ շրջակա միջավայրի նախարար, COP17-ի նախագահ Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Երևանում անցկացվող Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) կամավորներին և շնորհակալություն հայտնել նրանց նվիրվածության, պատասխանատվության ու անխոնջ աշխատանքի համար։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ նախարարը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ ինքն էլ նախկինում կամավոր է եղել և լավ է պատկերացնում, թե որքան ջանք, ժամանակ ու սրտացավություն է պահանջում այդ աշխատանքը
«Ձեր աջակցությամբ հազարավոր մասնակիցներ այս օրերին զգացել են Հայաստանի ջերմությունն ու հյուրընկալությունը»,- նշել է Մաթևոսյանը։
Նրա խոսքով՝ COP17-ի տարբերանշանի 23 գույները խորհրդանշում են Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի 23 թիրախները, սակայն համաժողովին յուրահատուկ գույն են հաղորդում նաև կամավորները՝ իրենց ժպիտներով, եռանդով և օգնելու պատրաստակամությամբ։
Նախարարը շնորհակալություն է հայտնել կամավորներից յուրաքանչյուրին՝ COP17-ի կազմակերպման գործում ունեցած ներդրման և համաժողովը ջերմ ու հիշարժան դարձնելու համար։