2 րոպեի ընթերցում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ Վաշինգտոնը Բրազիլի նախագահի նախկին թեկնածու, սենատոր Ֆլավիո Բոլսոնարուին թույլատրել է մուտք գործել երկիր, սակայն հավաստիացրել է, որ չի միջամտի ստեղծված իրադրությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Օհայո մեկնելիս լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է LiveNow from Fox-ը:
«Մենք նրան թույլատրել ենք մուտք գործել երկիր, այնպես որ, տեսնենք։ Բայց ես չեմ միջամտի։ Դրանք շատ տարօրինակ ընտրություններ էին, դա հաստատ է», - ասել է Թրամփը։
Նա կրկնել է, որ «որևէ դիրքորոշում չունի» Բրազիլում կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ։ Թրամփը նաև նշել է, որ Բոլսոնարուի և նրա ընտանիքի հետ անարդար են վարվել։
Ինքնաթիռը, որի մեջ գտնվում էին Բոլսոնարուն, նրա կինը և երկու դուստրերը, հոկտեմբերի 28-ին վայրէջք է կատարել Մայամիում։
Հոկտեմբերի 28-ի գիշերը Բոլսոնարուն X սոցցանցում գրել է, որ իրեն համարում է Բրազիլի առաջնորդը։
Բոլսոնարուն Բրազիլից հեռացել է այն բանից հետո, երբ դատական իշխանությունները նրան արգելեցին լքել երկիը և կարգադրեցին հանձնել անձնագրերը՝ բրազիլական ու իտալական, փողերի լվացման մեջ հնարավոր ներգրավվածության պատճառով։ Բոլսոնարուն հերքում է այդ մեղադրանքները։
Գերագույն դատարանը նաև հրահանգել է հետաքննել Ֆլավիո Բոլսոնարուի քարոզարշավի հնարավոր ֆինանսավորումն արտերկրից, ինչպես նաև օտարերկրյա այլ միջամտությունը, օրինակ՝ սոցիալական ցանցերում «մանիպուլյացիան»։
Բրազիլում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի է ունեցել հոկտեմբերի 25-ին։ Հաղթանակ է տարել պետության գործող ղեկավար Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան՝ 4 միլիոն քվեի տարբերությամբ։