Թեհրանը մշտական կապի մեջ է միջնորդների հետ՝ Հորմուզի նեղուցը վերաբացելու 7-օրյա ծրագրի գաղափարների շուրջ. Արաղչի
1 րոպեի ընթերցում
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը շարունակում է սերտ և մշտական կապի մեջ մնալ միջնորդների հետ՝ Հորմուզի նեղուցը վերաբացելու յոթնօրյա ծրագրի իրականացմանն ուղղված գաղափարների շուրջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Արաղչին նշել է X հարթակում գրառման մեջ։
«Մինչ մեր քաջարի զինված ուժերը լիովին պատրաստ են պաշտպանել հայրենիքը, Իրանը շարունակում է դիվանագիտությանը հաջողության հասնելու հնարավորություն տալ։ Մենք սերտ և շարունակական կապի մեջ ենք միջնորդների հետ՝ քննարկելու այնպիսի գաղափարներ, որոնք կարող են ապահովել մեր 7-օրյա ծրագրի իրականացումը նույնիսկ մեկ շաբաթից էլ կարճ ժամկետում», - նշված է գրառման մեջ։
Ավելի վաղ կատարցի միջնորդներն Իրանին են ներկայացրել համաձայնագրի նոր նախագիծ, որի նպատակն է տարածաշրջանում ԱՄՆ-ի հետ լարվածության թուլացումը։ Համաձայնագրի նախագիծը նախատեսում է 7-օրյա գործողությունների ծրագիր, որը սահմանում է այն քայլերը, որոնք ԱՄՆ-ն և Իրանը պետք է ձեռնարկեն վստահության ամրապնդման նպատակով։