ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ընտանեկան բռնության դեմ պաշտպանության միջոցներն ընդլայնող փաթեթը

3 րոպեի ընթերցում

Ազգային ժողովը 62 կողմ և 34 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելմանն ու բռնության ենթարկված անձանց պաշտպանությանն ուղղված օրենսդրական փոփոխությունների փաթեթը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քվեարկությունից առաջ «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունները հայտարարել էին ձեռնպահ քվեարկելու մասին՝ ընդգծելով, որ նախաձեռնության վերաբերյալ ունեն առաջարկություններ և առարկություններ։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը հայտնել է, որ անձամբ 12 առաջարկություն է ներկայացրել փաթեթի հեղինակներին։

«Ես հիմա խոսում եմ «Հայաստան» դաշինքի անունից։ Անձամբ ես 12 առաջարկ եմ ներկայացրել նախագծի հեղինակներին։ Մենք ձեռնպահ ենք քվեարկելու այս նախագծին նաև այն համոզումով, որ մեր առաջարկությունները և ոչ միայն մեր առաջարկությունները, այլև մասնագիտական հանրույթի և հանրության կողմից հնչած մտավախությունները և մտահոգությունները կունենան իրենց արձագանքը։ Իսկ մենք քվեարկելու ենք ձեռնպահ»,- ասել է Գալստյանը։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից Հասմիկ Ենգոյանը նշել է, որ իրենց առաջարկությունները կներկայացնեն առաջին ընթերցումից հետո։

«Մենք էլ ունենք ընտանեկան բռնությանը նվիրված փաթեթի վերաբերյալ լուրջ առարկություններ և առաջարկներ, որոնք կներկայացնենք առաջին ընթերցումից հետո։ Այս փուլում կքվեարկենք ձեռնպահ»,- հայտարարել է նա։

Ենգոյանի խոսքով՝ փաթեթի վերջնական տարբերակի վերաբերյալ խմբակցությունը որոշում կկայացնի՝ հաշվի առնելով առաջարկվող փոփոխությունների նկատմամբ հեղինակների արձագանքը։ Նրա գնահատմամբ՝ օրենքը թերի է և կանխատեսելի չէ, ու անհրաժեշտ են լուրջ վերամշակումներ։

Օրենսդրական փաթեթը ներկայացրած պատգամավոր Զարուհի Բաթոյանի խոսքով՝ փոփոխությունների նպատակն է բարձրացնել ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության արդյունավետությունը և ապահովել դեպքերի առավել զոհակենտրոն քննությունը։

Առաջարկվում է խստացնել ընտանեկան բռնության համար պատիժները, վերացնել նախազգուշացումը՝ որպես պաշտպանության միջոց, և ընդլայնել տուժողների պաշտպանության երաշխիքները։ Նախատեսվում է նաև սահմանափակել մեղադրյալի նկատմամբ տնային կալանքի կիրառումը, եթե նա և տուժողը համատեղ են բնակվում, և հնարավոր չէ ապահովել նրանց առանձին բնակությունը։ Տուժողը, որպես կանոն, պետք է հարցաքննվի մեկ անգամ՝ բացառությամբ նոր հայտնի դարձած հանգամանքները պարզաբանելու անհրաժեշտության։

Քննարկման ընթացքում ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հայտնել էր, որ 2026 թվականի սեպտեմբերի 29-ի դրությամբ նախազգուշացում կիրառելուց հետո արձանագրվել է բռնության կրկնման 93, իսկ անհետաձգելի միջամտության որոշումից հետո՝ 316 դեպք։ Նրա գնահատմամբ՝ ոլորտում առկա են ինչպես օրենսդրական, այնպես էլ իրավակիրառ խնդիրներ։

Հայերեն English Español Русский

ՀՀ վարչապետը կառավարությունում հյուրընկալել է Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդին

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Արարատի մարզում ևս մեկ դպրոց է կառուցվել

Իսպանիայում երկու արագընթաց գնացքների բախման հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել

Ծավ բնակավայրում խմելու ջրում սնդիկի պարունակությունը չի գերազանցում սահմանված առավելագույն թույլատրելի մակարդակը և համարվում է անվտանգ․ԱՆ

Սլովենիան ու Հայաստանը սերտորեն կգործակցեն կենսաբազմազանության պահպանման ոլորտում․ Տոնե Կայզեր

Բելգրադում Իսրայելի դեսպանատան շենքի մոտ ահաբեկչության փորձ է կատարվել

Սիրիան և Հորդանանը կստեղծեն համատեղ անվտանգության կոմիտե՝ հետաքննելու ավիահարվածների հետևանքները

Հայաստանը և Վրաստանը համագործակցում են անտառային հրդեհների ռիսկերի գնահատման ուղղությամբ

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ընտանեկան բռնության դեմ պաշտպանության միջոցներն ընդլայնող փաթեթը

Ազգային ժողովը վավերացրեց Խաղաղության խորհրդի կանոնադրությունը