2 րոպեի ընթերցում
Ազգային ժողովը ընդունեց «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագծին կողմ է քվեարկել 90, ձեռնպահ՝ 8 պատգամավոր։
Վավերացմանը կողմ են քվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունները, իսկ «Հայաստան» խմբակցությունը ձեռնպահ է մնացել։
Նախագիծը խորհրդարանում ներկայացրել էր ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։ Հոկտեմբերի 27-ի ելույթում նա նշել էր, որ Խաղաղության խորհուրդը կոչված է նպաստելու աշխարհի տարբեր տարածաշրջաններում խաղաղության հաստատմանն ու ամրապնդմանը։
Նախարարի խոսքով՝ խորհրդին մասնակցությունը Հայաստանի համար կարևոր է նաև ԱՄՆ-ի և մյուս անդամ պետությունների հետ քաղաքական շփումներն ու համագործակցությունը խորացնելու տեսանկյունից։
Միրզոյանը հայտնել էր, որ խորհուրդն ունի 28 անդամ պետություն։ Անդամակցության ժամկետը երեք տարի է՝ երկարաձգման հնարավորությամբ։ Ֆինանսական հատկացումները կատարվում են կամավորության սկզբունքով։ Հոկտեմբերի 27-ի դրությամբ Հայաստանը խորհրդին նվիրատվություն չէր կատարել։
Խաղաղության խորհրդի կանոնադրությունը Հայաստանի անունից ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ 2026 թվականի հունվարի 22-ին՝ Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում։
Սեպտեմբերի 15-ին Սահմանադրական դատարանը կանոնադրությամբ ամրագրված պարտավորությունները ճանաչել էր Սահմանադրությանը համապատասխանող։