E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

4 րոպեի ընթերցում

Եվրոպական հնգյակի՝ E5-ի երկրները Փարիզում քննարկել են Ուկրաինային ռազմական աջակցության շարունակությունը, հակաօդային պաշտպանության ամրապնդումը, արբանյակային կապի ապահովումն ու պաշտպանական արտադրության ընդլայնումը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 26-ի հանդիպմանը մասնակցել են Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Լեհաստանի և Միացյալ Թագավորության պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը, պաշտպանության ու տիեզերքի հարցերով եվրահանձնակատար Անդրիուս Կուբիլիուսը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկան։

Հանդիպմանը հաջորդած համատեղ ճեպազրույցում Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Կատրին Վոտրենը վերահաստատել է Ուկրաինային աջակցությունը շարունակելու գործընկերների վճռականությունը։

«Ցանկանում եմ ընդգծել թե՛ մեր միասնականությունը, թե՛ Ուկրաինային աջակցությունը շարունակելու վճռականությունը։ Այդ աջակցությունը չի դադարելու»,– հայտարարել է նա։

Վոտրենը կարևորել է ավելի շատ և ավելի արագ արտադրելու, ներկայիս հակամարտություններին համապատասխան տեխնիկա ստեղծելու, ինչպես նաև ապագա սպառնալիքներին պատրաստվելու անհրաժեշտությունը։ Նրա խոսքով՝ դրա համար պահանջվում են առավել սերտ համագործակցություն, զինված ուժերի փոխգործունակության բարձրացում և մատակարարման շղթաների կայունության ամրապնդում։

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսն անդրադարձել է Ուկրաինային ձմեռային աջակցությանը և հակաօդային պաշտպանության լրացուցիչ լուծումների մշակմանը։ Նա հայտարարել է նաև E5-ի աշխատանքն առավել գործնական ու համակարգված դարձնելու մտադրության մասին։

Պիստորիուսի խոսքով՝ նախարարների հանդիպումների ձևաչափը կլրացվի քաղաքականության և պլանավորման շուրջ խորհրդակցություններով՝ գլխավոր շտաբների պետերի տեղակալների ու քաղաքական տնօրենների մակարդակով։ Դրանք նախատեսվում է սկսել դեռ այս տարի Բեռլինում՝ հաջորդ հանդիպման համար կոնկրետ առաջարկներ և համատեղ նախաձեռնություններ մշակելու նպատակով։

Կայա Կալասն ընդգծել է, որ դիվանագիտական նոր ջանքերի պայմաններում Ռուսաստանի գործողությունները, իր գնահատմամբ, մոտալուտ խաղաղության ակնկալիք չեն ստեղծում։

«Ուկրաինային սպասվում է պատերազմի ևս մեկ դաժան ձմեռ։ Մեր խնդիրն է օգնել դիմակայելու հարձակումներին և մեծացնել Ռուսաստանի համար դրանց գինը»,– ասել է Կալասը։

Նա կարևորել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների և ստվերային նավատորմի դեմ գործողությունների շարունակությունը։ Կալասի խոսքով՝ Եվրոպայում պաշտպանական ծախսերի աճը պետք է վերածվի իրական ռազմական կարողությունների։

Անդրիուս Կուբիլիուսն իր հերթին շեշտել է, որ Ուկրաինային տրամադրվող ֆինանսական աջակցությունը պետք է ապահովի ժամանակին մատակարարումներ։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է արագացնել ինչպես եվրոպական, այնպես էլ ուկրաինական պաշտպանական արտադրությունը և ընդլայնել համատեղ նախագծերը։ Եվրահանձնակատարը նշել է, որ դիտարկվում են նաև Ուկրաինային անհրաժեշտ տիեզերական ծառայություններին աջակցելու հնարավորությունները։

 

 

Հայերեն

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին

ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու ԵՀ գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումն ու առևտրի դիվերսիֆիկացումը