Մարդու, կենդանիների և շրջակա միջավայրի առողջությունը՝ նույն համատեքստում. COP17-ում անցկացվեց «Մեկ առողջություն» քննարկումը

10 րոպեի ընթերցում

Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում ՀՀ առողջապահության նախարարությունն Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ համատեղ հոկտեմբերի 23-ին «Մերիդիան» կենտրոնում անցկացրեց «Մեկ առողջություն» մոտեցումը` էկոլոգիական փոփոխությունների դիտարկումից մինչև առողջապահական ռիսկերի կանխարգելում․ ռազմավարական և գործնական լուծումներ» խորագրով քննարկումը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քննարկմանը ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդգծեց՝ կենսաբազմազանությունը մեր ընդհանուր իմունային համակարգն է, իսկ առողջ էկոհամակարգերը մեզ տալիս են մաքուր ջուր, անվտանգ սնունդ և կայուն կլիմա։

Նրա խոսքով՝ վարակիչ հիվանդությունների դեպքերի շուրջ կեսը պայմանավորված է հողօգտագործման և գյուղատնտեսական գործելակերպի փոփոխություններով ու բնական բնակմիջավայրեր ներխուժմամբ, ինչի հետևանքով վայրի կենդանիները, գյուղատնտեսական կենդանիներն ու մարդիկ ավելի սերտ շփման մեջ են հայտնվում։

«Ահա թե ինչու եմ ցանկանում այսօրվա քննարկումը դիտարկել COP17-ի կենտրոնական խնդրի՝ Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի համաձայն հավաքական առաջընթացի առաջին գլոբալ վերանայման համատեքստում։ Մենք 2030 թվականին հասնելու ճանապարհի կեսին ենք։ 129 կողմի ազգային զեկույցների, 89 կողմի թարմացված ռազմավարությունների և 162 կողմի ազգային թիրախների հիման վրա կազմված գլոբալ զեկույցը հստակ ուղերձ է հաղորդում։ Ներգրավվածությունն աննախադեպ է, բայց մենք նպատակներին հասնելու ուղու վրա չենք։ Ամենամեծ բացերից մի քանիսն այն ուղղություններում են, որտեղ առաջընթացը կախված է շրջակա միջավայրի բնագավառից դուրս գտնվող ոլորտներից՝ ֆինանսներից մինչև վնասակար սուբսիդիաների բարեփոխումը։ Եվ աղտոտման կամ գյուղատնտեսության վերաբերյալ թիրախները նույնպես չեն կարող իրականացվել միայն շրջակա միջավայրի նախարարների ուժերով։ Սա է այն հարցը, որի շուրջ կողմերը բանակցում են այստեղ՝ Երևանում. ինչպե՞ս ենք շտկելու մեր ընթացքը մնացած չորս տարիների ընթացքում։ Ուղիներից մեկն անցնում է վերանայման վերաբերյալ ուղղակի որոշման միջոցով՝ ամբողջ կառավարության և ամբողջ հասարակության ներգրավմամբ մոտեցում»,-շեշտեց նախարարը։

Նրա խոսքով՝ «Մեկ առողջություն»-ը հենց այդ մոտեցումն է, որը կիրառվում է այնտեղ, որտեղ այն ամենամեծ նշանակությունն ունի մարդկանց կյանքի համար։ Մաթևոսյանը վստահեցրեց՝ Հայաստանում 2026-2030 թվականների համար նախատեսված կենսաբազմազանության նոր ազգային ռազմավարությունը և գործողությունների ծրագիրն այդ կապը վերածում են կոնկրետ պարտավորությունների՝ Սևանա լճի ֆոսֆորային և ազոտային աղտոտման նվազեցում առնվազն 30 տոկոսով, առնվազն 10 գետի մաքրում պլաստիկից և կոշտ թափոններից, մեկանգամյա օգտագործման պլաստիկ տոպրակների արգելում և անցանկալի թունաքիմիկատների օգտագործման կարգավորում, առնվազն 150 000 հեկտար արոտավայրերի և խոտածածկ տարածքների կայուն կառավարում ու ցամաքային և քաղցրահամ ջրային էկոհամակարգերի առնվազն 20 տոկոսի պահպանություն՝ մինչև 2030 թվականը։

Համբարձում Մաթևոսյանն ընդգծեց՝ դրանցից յուրաքանչյուրը և՛ կենսաբազմազանության, և՛ առողջապահական ոլորտի միջոցառում է։

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ևս նշեց, որ «Մեկ առողջություն» մոտեցումը, կենսաբազմազանությունն ու առողջությունը սերտորեն կապակցված են։

«Մարդու առողջությունը չի կարող տարանջատվել շրջակա միջավայրի առողջությունից։ Այս ըմբռնումն ընկած է «Մեկ առողջություն» մոտեցման հիմքում, որն ընդգծում է մարդու, կենդանիների և շրջակա միջավայրի առողջության փոխկապակցվածությունը և կոչ է անում տարբեր ոլորտների միջև համակարգված գործողություններ իրականացնել։ Կենսաբազմազանության կորուստն ու էկոհամակարգերի դեգրադացիան զգալի վտանգներ են ստեղծում հանրային առողջության համար՝ գլխավորապես մեծացնելով զոոնոզ հիվանդությունների փոխանցման հավանականությունը։ Հաջողությամբ ձեռք բերելով և պահպանելով մալարիայից ազատ երկրի՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հավաստագրված կարգավիճակը՝ Հայաստանը շարունակում է հստակ գիտակցել, որ կլիմայական պայմանների և բնական կենսավայրերի փոփոխությունները կարող են սպառնալ հանրային առողջապահության ոլորտում դժվարությամբ ձեռք բերված նվաճումներին՝ նոր խոցելիություններ առաջացնելով տարափոխիչներով փոխանցվող հիվանդությունների նկատմամբ»,- ասաց նա։

Նա կարծում է՝ կենսաբազմազանությունն անգնահատելի հնարավորություններ է ընձեռում գիտական հետազոտությունների և բժշկական նորարարությունների համար՝ ներառյալ նոր դեղամիջոցների ու բուժման եղանակների հայտնաբերումը։

«Հայաստանը գիտակցում է «Մեկ առողջություն» սկզբունքներն ազգային քաղաքականություններում ներառելու և առողջապահական, շրջակա միջավայրի, բնապահպանական ու տնտեսական ոլորտների միջև համագործակցությունը խթանելու կարևորությունը։ Մենք համոզված ենք, որ քաղաքականություն մշակողների, գիտնականների և հանրային առողջության մասնագետների ավելի սերտ համագործակցությունն էական նշանակություն ունի ինստիտուցիոնալ և ազգային սահմաններից դուրս եկող բարդ մարտահրավերներին դիմակայելու համար»,-վստահեցրեց Ավանեսյանը։

Նախարարի խոսքով՝ «Մեկ առողջություն» մոտեցման շրջանակում անհրաժեշտ է հենվել էլեկտրոնային տվյալների ճշգրիտ փոխանակման և փոխգործունակ միասնական տվյալների բազայի ստեղծման վճռորոշ նշանակության վրա։ Նա նույնքան կարևոր համարեց օգտագործել արհեստական բանականության ընձեռած վերափոխող ներուժն ու առաջադեմ վերլուծական հնարավորությունները՝ համակողմանիորեն անդրադառնալու կենսաբազմազանության փոփոխություններին և մարդու առողջության վրա դրանց խորը ազդեցությանը։

«COP17-ը բացառիկ հնարավորություն է ընձեռում զարգացնելու միջազգային համագործակցությունը, խթանելու ապացույցների վրա հիմնված լուծումները և վերահաստատելու կենսաբազմազանության պահպանության մեր հավաքական հանձնառությունը։ Որոշումները, որոնք ընդունում ենք այսօր, կարող են նպաստել գալիք սերունդների համար ավելի առողջ և կայուն ապագայի ձևավորմանը։ Ապագային նայելիս պետք է հիշենք մի հիմնարար սկզբունք՝ բնապահպանական քաղաքականությունը նաև հանրային առողջապահության քաղաքականության անբաժանելի բաղադրիչն է»,-ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ և հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիդհարթա Դատտան քննարկումն առաջընթաց համարեց՝ նշելով, որ Հայաստանի նախագահության կողմից կենսաբազմազանության, էկոհամակարգերի և առողջության վերաբերյալ նման միջոցառման կազմակերպմամբ, ինչպես նաև անդամ պետությունների ու գործընկերների մասնակցությամբ ցույց է տրվում «Մեկ առողջություն» մոտեցում իրականություն դարձնելու հանձնառությունը։

««Մեկ առողջություն» մոտեցումն այլևս ընտրության հարց չէ։ Այն մարտահրավերները, որոնց մենք այսօր բախվում ենք կենսաբազմազանության, էկոհամակարգի և առողջության փոխկապակցվածության առնչությամբ, չեն կարող լուծվել միայն մեկ ոլորտի ուժերով, ուստի մենք չափազանց բարձր ենք գնահատում կառավարության՝ այստեղ ներկա երկու բարձրաստիճան ղեկավարների մասնակցությունը, որոնք ներգրավված են «Մեկ առողջություն» մոտեցման իրականացման գործում։ Մեր կարծիքով՝ Հայաստանն այսօր ցույց է տալիս մի բան՝ տեղական առաջնորդություն՝ համաշխարհային ազդեցության համար։ Մենք շնորհակալություն ենք հայտնում Հայաստանին դրա համար»,-ասաց Դատտան։

Նրա խոսքով՝ իրենք գիտակցում են, որ անդամ պետության քաղաքական հանձնառությունը պետք է ուղեկցվի համապատասխան կայուն ֆինանսական ներդրումներով։ «Երբ խոսում ենք մարդկանց բարեկեցության մասին, մենք հաճախ դրան նայում ենք ապագայի տեսանկյունից։ Թույլ տվեք ներկայացնել կենսաբազմազանության կորստի պայմաններում անգործության տնտեսական գինը։ Համաշխարհային բանկի գնահատմամբ՝ առանցքային էկոհամակարգի քայքայումը մինչև 2030 թվականը կարող է համաշխարհային ՀՆԱ-ն տարեկան նվազեցնել 2,7 տրիլիոն ԱՄՆ դոլարով։ Քանի որ համաշխարհային ՀՆԱ-ի կեսից ավելին կախված է բնությունից, կենսաբազմազանության շարունակվող կորուստը սպառնում է պարենային անվտանգությանը, ապրուստի միջոցներին, առողջությանը և երկարաժամկետ տնտեսական կայունությանը։ Կենսաբազմազանության կորստի ազդեցությունն առողջության վրա տեսական ռիսկ չէ։ COVID-19-ը, Հայաստանում Արևմտյան Նեղոսի վիրուսով վարակման դեպքերը, Կենտրոնական Աֆրիկայում էբոլայի բռնկումը բոլորն էլ մատնանշում են մի բան՝ ռիսկն իրական է»,-շեշտեց Դատտան։

Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ և հայաստանյան գրասենյակի ղեկավարը վստահեցրեց՝ «Մեկ առողջությունը» պետք է դուրս գա ընդհանուր հայեցակարգի սահմաններից, այն պետք է իր տեղը գտնի ազգային քաղաքականություններում, ինստիտուցիոնալ կարգավորումներում, գործառնական ծրագրերում և կայուն ներդրումներում։

Հայերեն English Русский Türkçe

Հայկական բնության մասին պատմող այգի՝ Երևանի սրտում

Արտաշես Ներսիսյանը չի բացառում, որ ծանրամարտի կանանց հավաքականն առաջիկա աշխարհի առաջնությունում մեդալ կնվաճի

Բուլղարացի ավիացիոն փորձագետը կստանա միջազգային մրցանակ՝ թռիչքների անվտանգության ոլորտում ցուցաբերած առաջնորդության համար. BTA

Հոկտեմբերի 24-ի միջոցառումների անոնս

Մելանյա Թրամփի միջնորդությամբ Օլեշկիում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղային հրադադար է հաստատվել

Կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը

Ֆրանսիայում սպասվող նոր բողոքի ակցիաների կապակցությամբ երկրում կտեղակայվի շուրջ 70 000 իրավապահ

Ծանրորդ Աննա Ամրոյանը չի մասնակցի աշխարհի առաջնությանը

Մարդու, կենդանիների և շրջակա միջավայրի առողջությունը՝ նույն համատեքստում. COP17-ում անցկացվեց «Մեկ առողջություն» քննարկումը

Տիգրան Հակոբյանն ընտրվել է «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ