Սևան համայնքի ավագանու հերթական նիստում ընդունվել են մի շարք որոշումներ

3 րոպեի ընթերցում

Կայացել է Սևան համայնքի ավագանու 10-րդ նստաշրջանի 2-րդ նիստը, որը վարել է համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Մարգարյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, օրակարգային հարցերի հաստատումից հետո Սևանի համայնքապետարանի աշխատակազմի պատասխանատուները ներկայացրել են  քննարկման ներկայացրած որոշումների նախագծերը:

Սևան համայնքի 2026 թվականի բյուջեի երրորդ եռամսյակի կատարողականը ներկայացրել է համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետի ժ/պ Մարիանա Ռաֆայելյանը՝ նշելով, որ համայնքի 2026 թվականի բյուջեի երրորդ եռամսյակի եկամուտների հավաքագրման  պլանը կատարվել է 94.5 տոկոսով։

Հաշվի առնելով 2026 թվականին համայնքում իրականացված մասնակցային բյուջետավորման գործընթացը և դրա արդյունքները՝ ավագանին համապատասխան որոշմամբ սահմանել է Սևան համայնքում 2027 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացի մեկնարկը:

Համայնքի ավագանու մեկ այլ որոշմամբ Սևան համայնքի 2026 թվականի բյուջեից, որպես դրամաշնորհ, «Կոտայքի և Գեղարքունիքի մարզի կոշտ կենցաղային թափոնների կառավարում» ՍՊԸ-ին հատկացվել է 2026 թվականի 4-րդ եռամսյակի համար պայմանագրով նախատեսված գումարը՝ 31 միլիոն 72 հազար դրամի չափով։

Սևան համայնքի ավագանին հաստատել է նաև համայնքի 2027 թվականի բյուջեի նախագիծը:

Ավագանու մեկ այլ որոշմամբ Սևան համայնքի Լճաշեն բնակավայրի «Մանչուկ» մանկապարտեզում բացվել է նոր խումբ։

Օրակարգային հարցերի սպառումից հետո ներկայացվել են  համայնքի ավագանուն ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից հասցեագրված դիմումները, վարչական ղեկավարների կողմից ներկայացված զեկուցագրերը, որոնց զգալի մասը ստացել են սպառիչ պատասխաններ:

Համայնքի ավագանու նիստն ամփոփել են «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի ղեկավար, շրջանաձև տնտեսության փորձագետ Հարություն Ալպետյանը և ծրագրի համակարգող Վարդուհի Եսայանը, որոնք ներկայացրել են  Սևան համայնքում 2025 թվականի հուլիսի 26-ից ներդրված տեսակավորման թափոնների կառավարման համակարգը, մանրամասներ հաղորդել ծրագրի իրականացման, Սևան համայնքում ընթացիկ իրավիճակի, ինչպես նաև նոր ծրագրի մեկնարկի վերաբերյալ, որը նախատեսում է նաև Սևանում ներդնել օրգանական թափոնների տեսակավորման համակարգ:

Հայերեն