ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի դասընթացներում առանցքային դեր ունեն նաև բնապահպանական գիտելիքներն ու ծրագրերը
3 րոպեի ընթերցում
Կենսաբազմազանության պահպանմանն ուղղված միջազգային բոլոր պարտավորությունները, ինչպես նաև վավերացված կոնվենցիաները գործնականում իրագործելի են միայն այն դեպքում, երբ այդ նպատակներն իրականացնող մասնագետներն ունեն բավարար գիտելիքներ ու կարողություններ։
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի հետազոտությունների և նորարարության բաժնի պետ Անի Ջաբաղյանն ու նույն կառույցի համագործակցության և զարգացման բաժնի պետ Սյուզաննա Ղազարյանն անդրադարձել են ՊԵԿ կրթական հաստատության գործունեությանը՝ նշելով, թե այն ինչպես է կապվում COP17-ի օրակարգի հետ։
«ՊԵԿ-ի ուսումնական կենտրոնի դերը հենց այդ կարողությունների զարգացումը շարունակաբար ապահովելն է: Այդ կապն առավել ակնհայտ է և առաջնային է մաքսային ծառայության դեպքում, քանի որ սահմաններով տեղափոխվող ապրանքների վերահսկողությունը շատ կարևոր նշանակություն ունի ինչպես վայրի կենդանիների, այնպես էլ բույսերի ապօրինի առևտրի, նաև վնասակար թափոնների և սահմանափակման ենթակա նյութերի ապօրինի տեղափոխման, բացահայտման և կանխարգելման գործում»,- ասաց Սյուզաննա Ղազարյանը:
Նա հավելեց, որ ուսումնական կենտրոնի դասընթացավարները մաքսային ծառայողների վերապատրաստումների շրջանակում անդրադառնում են բնապահպանական այն պահանջներին, որոնք միջազգայնորեն ամրագրված են, ինչպես նաև բոլոր այն մեթոդներին, որոնք բերում են ռիսկերի կանխարգելմանը: ՊԵԿ ուսումնական կենտրոնի կողմից առաջնահերթություն է հենց բնապահպանական գիտելիքները վերածել առօրյա աշխատանքային կիրառելի հմտությունների։
Անի Ջաբաղյանն իր հերթին նշեց, որ «կանաչ մտածելակերպի» ձևավորումը և զարգացումը տեղի են ունենում, երբ մարդը գիտակցում ու տեսնում է իր աշխատանքի ու շրջակա միջավայրի միջև եղած կապը և գիտի, թե իր ամենօրյա որոշումներում ինչ փոփոխություններ պետք է կատարի, ուստի արդյունավետ կրթությունը պետք է համադրի իրազեկման, գործնական առաջադրանքների և պատասխանատու վարքագծի ձևավորումը:
«Ուսումնական կենտրոնն իր էլեկտրոնային ուսուցման հարթակի միջոցով այս բովանդակությունը հասանելի է դարձնում նաև մարզերում և սահմանային անցման կետերում աշխատող պետական ծառայողների համար: Տեսանյութերը, ընթերցանության նյութերը, ստուգիչ հարցերը, իրավիճակային դեպքերի վերլուծությունները օգնում են ոչ միայն ստանալ տեղեկատվություն, այլև դա կիրառել ճիշտ որոշումներ կայացնելու համար»,- նշեց Ջաբաղյանը։
Մանրամասները` տեսանյութում