7 րոպեի ընթերցում
Երևանում ընթացող COP17-ի շրջանակում հոկտեմբերի 22-ին հայտարարվեց «ԵՄ-ն հանուն Սևանի կենսաբազմազանության պահպանության. Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման բարելավում» ծրագրի մեկնարկի մասին, որն ամբողջությամբ ֆինանսավորելու է Եվրամիությունը:
Ծրագրի մանրամասները «Արմենպրես»-ին տված հարցազրույցում ներկայացրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը:
- Ի՞նչ գործողություններ և միջոցառումներ են իրականացվելու այս ծրագրի շրջանակում, որն, ինչպես հայտարարվեց, նախատեսված է մինչև 2029 թվականը:
- Ծրագրի հիմնական նպատակներից է Սևան ազգային պարկի կառավարման բարելավումը: Խոսքն ընդհանուր կարողությունների, այդ թվում՝ զբոսաշրջային հնարավորությունների, մեքենա սարքավորումների բարելավման և գիտելիքի փոխանցման մասին է: Հաջորդ կարևոր բաղադրիչն է Սևանա լճի հարակից էկոհամակարգի և կենսաբազմազանության վերականգնումը։ Նախատեսվում է բազմաբնույթ աջակցություն՝ սիգի արդյունագործական որսի կանոնակարգումից և իշխանի պաշարների վերականգնումից մինչև Սևանա լիճը շրջապատող անտառի վերաբերյալ վերլուծություններ՝ այն կլիմայական փոփոխություններին և նոր մարտահրավերներին ավելի դիմացկուն դարձնելու նպատակով։ Իհարկե, ծրագրի բյուջեն չի բավականացնի նշված խնդիրների ամբողջական, նույնիսկ, մասնակի լուծման համար, բայց գիտելիքի փոխանցումը և համագործակցությունը շատ կարևոր նախապայման է, որպեսզի նաև Կառավարությունն ավելի թիրախային ուղղի իր ներդրած միջոցները և առաջ շարժվենք այս ուղղությամբ։
- Ծրագիրը ենթադրում է զուտ խորհրդատվակա՞ն միջոցառումներ, թե՞ նաև գործնական աշխատանքներ։
- Սևանի սիգի արդյունագործական որսի կարգավորումը խորհրդատվությունից բացի ունի նաև հստակ, կոնկրետ մեխանիզմի ներդրման պահանջ: Այն պետք է նպաստի սույն ձկնատեսակի արդյունագործական որսի առավել արդյունավետ կազմակերպմանն այն հաշվարկով, որ ձկնորսությունը երբեք չընդհատվի, բայց նաև չկրճատի սիգի ապահով պաշարները և չվնասի կենսաբազմազանությունը:
Մյուս կարևոր խնդիրն է Սևանի իշխանի պաշարների վերականգնումը: Այս ծրագրով պետք է վերլուծություն կատարենք՝ պարզելու, թե ինչ միջոցներով կարող ենք թիրախային ներգործություն ունենալ այդ ձկնատեսակի վերականգնմամբ զբաղվող հիմնարկի գործողություններին: Դա կարող է արտահայտվել, օրինակ, արևային վահանակների տեղադրման և էլեկտրաէներգիայի ծախսերի կրճատման տեսքով: Գուցե, լինի իշխանի պաշարների վերականգնմանը միտված այլ գործողություն:
Ուզում եմ նշել, որ այս գործողություններում ամենամեծ ներդրումը, իհարկե, ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները՝ իրենց վճարած հարկերով: Միայն Սևանի իշխանի պաշարների վերականգնման համար Կառավարությունը տարեկան հատկացնում է մոտ 400 մլն դրամ: Ուրախ ենք արձանագրել, որ 2025 թվականին Սևանա լճում իշխանի գնահատված պաշարները եղել են 130, իսկ այս տարի՝ արդեն 370 տոննա: Սա աննախադեպ ցուցանիշ է վերջին տասնամյակներում: Մինչ այդ, Սևանում իշխանի պաշարներն աննշան էին՝ առավելագույնը 1-5 տոննայի շրջանակում: Դա էլ զուտ գիտական մեթոդով մոտավոր հաշվարկ էր:
- Տեսանելի ապագայում Սևանում հնարավոր կլինի՞ կազմակերպել նաև իշխանի արդյունագործական որս:
- Հրաշալի հեռանկար եք առաջարկում: Ամեն դեպքում, ուրախալի է, որ Սևանում պահպանվել են իշխանի երկու էնդեմիկ տեսակներ՝ գեղարքունի և ամառային: Երկու այլ տեսակներ համարվում են վերացած, բայց չենք հանձնվում՝ աշխատանքներ ենք իրականացնում դրանք վերականգնելու ուղղությամբ: Այս առումով COP17-ն անչափ օգտակար է վերացած տեսակների որոնմամբ և վերականգնմամբ զբաղվող կարևոր գործընկերների հանդիպելու և կապեր հաստատելու առումով:
- Ինչպիսի՞ն է պատկերը սիգի մասով:
- Սիգի պաշարների մասով նույնպես դրական միտում է նկատվում: 2026 թվականի հուլիսի տվյալներով՝ լճում ունենք սիգի մոտավորապես 4511 տոննա գնահատված պաշար: Այս տարի արդյունագործական որսի համար տրամադրվել է շուրջ 1270 տոննայի քվոտա, ինչը նույնպես աննախադեպ է Հայաստանի անկախացմանը հաջորդած ժամանակաշրջանում: Խոսքը, ուզում եմ ընդգծել, արդյունագործական չափերի հասած ձկնապաշարի մասին է։ Ունենք սիգի մայրական բավականին մեծ կազմ, նաև ձկների ձվադրման շրջանում է լուրջ աշխատանք կատարվում՝ պաշարներն անխոցելի պահելու համար:
Իհարկե, ունենք նաև խնդիրներ, որոնց մասին չենք կարող չբարձրաձայնել և չզբաղվել դրանց լուծմամբ: Հենց այսպիսի ծրագրերն են նպաստում խնդիրների հասցեական և թիրախային լուծումների մշակմանն ու իրականացմանը: Ի դեպ, սևանցի ձկնորսները հավաստիացնում են, որ վերջին շրջանում հաճախ է հաջողվում որսալ իշխան ձուկ, ինչը նախկինում իրենց պապերի ժամանակ է եղել:
- Որքա՞ն է կազմելու այսօր ներկայացված ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը:
- Մոտավորապես 1.5 միլիոն եվրո, որը տրամադրելու է Եվրոպական միությունը: Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն էլ յուրաքանչյուր տարի հսկայական գումարներ է ուղղում Սևանա լճի կառավարման, զարգացման, սիգի և իշխանի պաշարների պահպանման և ավելացման խնդիրների լուծմանը: Տարեկան մոտ 1 միլիոն դոլար է ներդրվում իշխանի պաշարների վերականգնման համար։
- Այս ուղղությամբ ի՞նչ մտահոգությունների և խնդիրների մասին կուզենայիք բարձրաձայնել:
- Խնդիրները բազմաթիվ են, բայց ձեռքբերումներն էլ բավականին շատ են: Հայաստանը որդեգրել է բնապահպանական դրական և արդյունավետ զարգացման ուղենիշ։ Մեր գործողությունները միտված են նաև բնությանը հավելյալ արժեք հաղորդելուն: Մեր քաղաքացիները, լսելով բազմաթիվ խնդիրների մասին, պետք է իմանան, որ մենք գիտենք դրանց մասին, մտածում ենք և աշխատում ենք այդ ուղղություններով: Կարծում եմ՝ COP17-ի շնորհիվ ձեռք բերած գիտելիքի ողջ պաշարն առաջիկա տարիներին կօգտագործենք՝ ավելի լավ և զարգացած միջոցներով լուծելու մեր բնության առջև ծառացած խնդիրները։