3 րոպեի ընթերցում
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին նախագահել է Ազգային պաշտպանության խորհրդի նիստը, որի արդյունքում որոշում է կայացվել աջակցություն ցուցաբերել Սաուդյան Արաբիային Եմենի հութիների դեմ պայքարում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Եգիպտոսի նախագահական գրասենյակը։
Նախագահության պաշտոնական խոսնակը հայտարարել է, որ Ազգային պաշտպանության խորհուրդը քննարկել է տարածաշրջանային զարգացումները և տարածաշրջանում տեղի ունեցող վտանգավոր սրացումները, մասնավորապես՝ Սաուդյան Արաբիայի Թագավորության դեմ անընդունելի հարձակումները:
Նիստի ընթացքում խորհուրդը որոշել է անվերապահ աջակցություն և լիակատար համերաշխություն ցուցաբերել Սաուդյան Արաբիայի Թագավորությանը՝ հիմնվելով երկու եղբայրական երկրների ժողովուրդներին միավորող պատմական հարաբերությունների և ամուր կապերի վրա։ Բացի այդ, որոշվել է Սաուդյան Արաբիային տրամադրել անհրաժեշտ և հնարավոր աջակցություն՝ նրա անվտանգությունն ու կայունությունը պաշտպանելու, ինչպես նաև ռեսուրսները, տարածքային ամբողջականությունը և իսլամական սրբավայրերը պահպանելու գործում։
Եգիպտոսը նաև որոշել է շարունակել և ինտենսիվացնել քաղաքական և դիվանագիտական ջանքերը՝ համակարգելով համապատասխան տարածաշրջանային և միջազգային կողմերի հետ՝ նպաստելու ամբողջ տարածաշրջանում լարվածության նվազեցմանը և տարածաշրջանում առկա ճգնաժամերի խաղաղ կարգավորմանը։
Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Բադր Աբդ ալ-Ատտին X-ում կատարած գրառման մեջ հայտնել է, որ սաուդցի իր գործընկերոջ՝ արքայազն Ֆեյսալ բին Ֆարհանի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է տարածաշրջանային զարգացումները և լարվածության թուլացման կարևորությունը։
Նախարարը հեռախոսազրույց է ունեցել նաև Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ, քննարկել տարածաշրջանային զարգացումներն՝ ընդգծելով «լարվածության թուլացման, բանակցությունների և Պարսից ծոցի անվտանգության նկատմամբ հարգանքի կարևորությունը»։
Հութիների և Եմենի կառավարական ուժերի միջև բախումները շարունակվում են։ Հութիները հայտնել են կառավարական ուժերի հարվածների հետևանքով 30 զոհի և վիրավորի մասին։ Շարժումն իր հերթին հարվածել է Սաուդյան Արաբիային, որն աջակցում է Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարությանը։ Թագավորությունը հայտնել է 6 վիրավորի մասին։