ՀՀ-ն ձգտում է գործնական քայլեր նախաձեռնել, որոնք կշարունակվեն COP17 համաժողովից հետո. Կավեհ Զահեդի
6 րոպեի ընթերցում
Հայաստանը COP17-ի նման միջոցառումներ անցկացնելով՝ ցուցադրում է իր ներուժը, ցույց է տալիս, թե ինչի է ընդունակ։ Սա մի առավելություն է, որի արդյունքները միջազգային հանրությունը կտեսնի դեռ երկար տարիներ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ կարծիքը COP17-ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի ընթացքում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) գլխավոր քարտուղարի օգնական, կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության և շրջակա միջավայրի գրասենյակի տնօրեն Կավեհ Զահեդին։
«Իմ առաջին տպավորությունները հիանալի են։ Ակնհայտ է, որ COP17-ը շատ լավ է կազմակերպված։ Դա զգացվում է հենց միջոցառման վայր մուտք գործելիս և նկատվում է քննարկումների ընթացքում։ Սա կարևոր է, քանի որ հիմք է ստեղծում իսկապես առանցքային երկխոսության համար։ Առհասարակ COP-ի քննարկումների առանցքում առաջընթացն է։ Կարծում եմ՝ ստեղծվել են բոլոր նախադրյալները, որպեսզի այս համաժողովը շատ հաջող անցնի»,- ասաց Զահեդին։
Նրա խոսքով՝ հայկական կողմը չի ցանկանում պարզապես հյուրընկալել միջոցառումը, այլ ձգտում է գործնական քայլեր նախաձեռնել, որոնք կշարունակվեն նաև COP-ից հետո։ Խոսքը այն բոլոր լուծումների իրականացման մասին է, որոնց շուրջ քննարկումներ են ծավալում․ ինչպե՞ս ֆինանսավորել այդ լուծումները, ինչպե՞ս ընդլայնել դրանց շրջանակը, ինչպե՞ս կիրառել դրանք այլ վայրերում։
«Մեզ համար, իհարկե, կարևոր է նաև այն, որ Հայաստանը գյուղատնտեսական նշանակալի երկիր է։ Այն ունի սննդային մշակաբույսերի արտակարգ գենետիկական բազմազանություն՝ հին որթատունկերից մինչև հացահատիկային մշակաբույսեր։ Եվ ես կարծում եմ, որ սա հնարավորություն է ցուցադրելու այս զարմանահրաշ բազմազանությունը, սննդային բազմազանությունը, գենետիկական բազմազանությունը, կենսաբազմազանությունը և կառուցելու ապագան դրա շուրջ, այդ թվում՝ այնպիսի նախաձեռնությունների միջոցով, որոնք մենք քննարկել ենք հայ գործընկերների հետ։ Մեզ հետաքրքրում է այն հարցը, թե ինչպես կարելի է կայուն կերպով օգտագործել կենսաբազմազանությունը, ինչպես խթանել դիմադրողականությունը, ինչպես աջակցել համայնքներին սննդի անվտանգության հետ կապված հարցերում»,- ասաց Զահեդին։
Նա շեշտեց, որ Հայաստանի հետ համագործակցության բազմաթիվ հնարավորություններ է տեսնում՝ հաշվի առնելով այն քննարկումները, որոնք ընթանում են COP17-ի շրջանակում։
«Այս համաժողովը նվիրված է արդեն իսկ արձանագրված առաջընթացի գնահատմանը, և Հայաստանը նույնպես ցույց է տալիս, թե որքան առաջընթաց է գրանցել։ Մենք օգնում ենք բոլոր երկրներին, այդ թվում՝ Հայաստանին, միջազգային չափանիշները ներդնել իր ազգային համակարգերում։ Հայկական կողմը պետք է կարողանա մանրակրկիտ մշտադիտարկել սեփական առաջընթացը՝ հասկանալու համար, թե որտեղ է անհրաժեշտ շտկել խնդիրները կամ որտեղ է պետք ավելի շատ ներդրումներ կատարել։ Սա շատ կոնկրետ առաջընթաց է, որին մենք աջակցում ենք՝ օգնելով ստեղծել մշտադիտարկման մանրամասն համակարգ, որը թույլ կտա հստակ պատկերացում կազմել ընտրված ուղու և ընթացքի մասին»,- ասաց նա։
Զահեդիի գնահատմամբ՝ անհրաժեշտ են ավելի շատ ներդրումներ, մասնավորապես, գյուղատնտեսության և սննդի համակարգերի մեջ, որոնք կարող են բազմաթիվ օգուտներ բերել ինչպես սննդի անվտանգության, այնպես էլ կենսաբազմազանության և կլիմայի փոփոխության առումով։ Լուծումներ, որոնք վերաբերում են դեգրադացված գյուղատնտեսական հողերի ու ագրոանտառտնտեսության վերականգնմանը, ինչը, նրա համոզմամբ, կարող է Հայաստանի նման երկրներին բազմաթիվ օգուտներ բերել։
«Կարծում եմ՝ ներկայում թիվ մեկ մարտահրավերը կամ մտահոգությունը պարենային անվտանգությունն է։ Այն խաթարվում է տարբեր պատճառներով։ Դրանցից մեկն, իհարկե, կլիմայի փոփոխությունն է։ Կլիմայի փոփոխությունը անկանխատեսելիություն է բերում մեր գյուղատնտեսության և պարենային համակարգերի համար։ Մենք ականատես ենք լինում ավելի հաճախակի դարձած ջրհեղեղների և երաշտների։ Աշխարհի տարբեր հատվածներում առկա են այլ մարտահրավերներ՝ կապված հակամարտությունների հետ։ Այս ամենն իր ազդեցությունն է թողնում գյուղատնտեսության և պարենային համակարգերի վրա։ Այս ամենը դժվարացնում է ֆերմերների և արտադրողների կյանքը։ Ի վերջո, դա շղթայական ազդեցություն կունենա պարենի, գյուղատնտեսության, պարենային անվտանգության և պարենամթերքի գների վրա։ Առանցքային մարտահրավերներն անխզելիորեն կապված են կենսաբազմազանության հետ։ Անհնար է միմյանցից առանձնացնել պարենը, պարենային անվտանգությունը, կենսաբազմազանությունն ու պարենային բազմազանությունը»,- նշեց Զահեդին։
2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը Հայաստանի Հանրապետությունը կհյուրընկալի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (CBD COP17)՝ Երևանում համախմբելով աշխարհի երկրների կառավարությունների, միջազգային կազմակերպությունների, գիտական համայնքի, քաղաքացիական հասարակության, բնիկ ժողովուրդների, երիտասարդների և մասնավոր հատվածի ներկայացուցիչներին։