Մոտենում ենք գլոբալ ջերմաստիճանի 1.5°C-ի գերազանցմանը. Ինգեր Անդերսեն
2 րոպեի ընթերցում

Միավորված ազգերի կազմակերպության շրջակա միջավայրի ծրագրի գործադիր տնօրեն Ինգեր Անդերսենը կարծում է, որ շրջակա միջավայրի գլոբալ մարտահրավերներին պետք է վերաբերվել որպես մեկ ամբողջություն և դրանք չդիտարկել միմյանցից առանձին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Անդերսենն այդ մասին հայտարարել է Երևանում կայանալիք COP17-ին ընդառաջ կազմակերպված ասուլիսի ժամանակ։
«Կենսաբազմազանության կորուստը կասեցնելու և շրջադարձելու ուղղությամբ կատարվող քայլերում առաջընթաց գրանցել ենք, բայց զեկույցը ցույց է տվել, որ մենք մոտենում ենք գլոբալ ջերմաստիճանի 1.5°C-ը գերազանցելուն։ Տասնամյակներ շարունակ կլիմայի վրա կտեսնենք շատ ծանր հետևանքներ, ինչն էլ իր հերթին շատ ծանր ազդեցություն կունենա կենսաբազմազանության վրա։ 1.5°C-ը գերազանցելու դեպքում կավելանա անտառների չորացման և օվկիանոսների տաքացման հավանականությունը, կլինեն անդառնալի շրջադարձային կետեր։ Իհարկե, բնության համար ռիսկերը տարածվում են սննդի, ջրի, առողջության, էներգիայի և կենսաապահովման վրա։ Կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության և մարդու առողջության միջև կապն ընդգծում է, թե որքան կարևոր է մեզ համար շրջակա միջավայրի մարտահրավերներին որպես մեկ ամբողջություն վերաբերվելը։ Մենք պետք է ապահովենք, որ բոլոր բազմակողմ բնապահպանական համաձայնագրերը միասին աշխատեն մեր ընդհանուր նպատակներին հասնելու ուղղությամբ»,- ասել է Ինգեր Անդերսենը։
Հոկտեմբերի 19–30-ը Երևանը կհյուրընկալի COP17-ը՝ միավորելով աշխարհի տարբեր երկրների պատվիրակություններին, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ գնահատելու կենսաբազմազանության պահպանության ուղղությամբ արձանագրված առաջընթացը և քննարկելու հետագա համատեղ գործողությունները։