Հայաստան

ՃՇՀԱՀ հոգաբարձուների խորհուրդը հավանություն է տվել ակադեմիական կազմի աշխատավարձերի բարձրացմանը և հաստատել համալսարանի զարգացման ռազմավարական ծրագիրը

2 րոպեի ընթերցում

ՃՇՀԱՀ հոգաբարձուների խորհուրդը հավանություն է տվել ակադեմիական կազմի աշխատավարձերի բարձրացմանը և հաստատել համալսարանի զարգացման ռազմավարական ծրագիրը

Տեղի է ունեցել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը՝ խորհրդի նախագահ, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քաղաքաշինության կոմիտեն։

Հոգաբարձուների խորհրդի հագեցած նիստում հավանության արժանացավ համալսարանի ակադեմիական կազմի վարձատրության մեկ ժամի արժեքը մինչև 82%-ով բարձրացնելու վերաբերյալ ռեկտոր Մանուկ Բարսեղյանի ներկայացրած Գիտական խորհրդի որոշումը։

Կարևորելով լաբորատոր ռեսուրսների շարունակական համալրումը՝ խորհրդի քննարկմանն է ներկայացվել բետոնի եռաչափ (3D) տպիչի գիտահետազոտական լաբորատորիայի ստեղծման նախագիծը, որը ևս արժանացել է հավանության։

Նիստի ընթացքում քննարկվել և հավանություն է տրվել նաև «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի կանոնադրության նոր խմբագրությանը։ Բացի այդ, հաստատվել է համալսարանի առաջիկա հինգ տարիների զարգացման ռազմավարական ծրագիրը, որը մշակվել է՝ հիմք ընդունելով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքը, ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը, ինչպես նաև ՀՀ գիտության ոլորտի զարգացման 2026-2030թթ. ռազմավարությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում