8 րոպեի ընթերցում
Հայաստանի տարբեր ոլորտներ համակարգող նախարարները գնահատել են COP17 համաժողովի՝ Երևանում անցկացնելու կարևորությունը։
COP17-ի շրջանակներում Առաջնորդների գագաթնաժողովի մեկնարկին ընդառաջ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընդգծել է, որ այսպիսի մասշտաբային միջոցառում Հայաստանում նախկինում երբեք չի անցկացվել և մեծ պատվիրակությունների ներկայացվածությունը Հայաստանում ինքնին կարևոր է։
«Կարևոր է նաև օրակարգը, որովհետև կենսաբազմազանությունը և բնության պահպանությունը Հայաստանի համար կարևոր ուղղություններից են։ Եվ այդ տրամաբանության մեջ մեզ համար առանձնակի կարևոր է, որ այդ պատասխանատվության որոշակի փուլ ստանձնում և ամփոփում ենք COP17 միջոցառման շրջանակներում։
Հարցին, թե նման միջոցառումներից ինչ գործնական քայլեր կարելի է ակնկալել, նախարարը նշել է, որ համաժողովի օրակարգը, որը վերաբերում է կենսաբազմազանությանը, ինքնին շատ կարևոր է, բացի այդ, ըստ նախարարի, սա լավ առիթ և հնարավորություն է շփվելու տարբեր երկրների ներկայացուցիչների հետ, ոլորտային մասնագետների հետ։ «Կարծում եմ, որ Հայաստանի մեր գործընկերները, անկախ նրանից, թե որ ոլորտում են գործունեություն ծավալում, կկարողանան այս հնարավորությունը ռեալիզացնել»,- ասել է Խուդաթյանը։
Հարցին, թե ինչ մասնակցություն է ունեցել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը COP17-ի կազմակերպչական աշխատանքներում, նախարարը մանրամասնել է, որ աշխատանքային խումբ է ստեղծված եղել, որը համակարգել է Շրջակա միջավայրի նախարարությունը։
«Այդ խմբի կազմում ինչ խնդիրներ որ դրվել են ՏԿԵՆ-ի առաջ, մենք փորձել ենք կատարել հավուր պատշաճի։ Խոսքը պետական գույքի կառավարման կոմիտեին, ճանապարհաշինական աշխատանքներին վերաբերող աշխատանքների մասին է»։
Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանն էլ «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է, որ մեծ պատիվ և պատասխանատվություն է, որ այս տարի հենց Հայաստանն է հյուրընկալել COP17 համաժողովը։
«Եվ, եթե չեմ սխալվում, սա առաջին տարին է, որ մենք հաշվետվություն պետք է ներկայացնենք, թե 2022-ին Մոնրեալում մարդկությունը ինչ է խոսք տվել բնությանը և պետք է նայենք, թե ինչ է կարողացել անել այս տարիների ընթացքում։ Այդ առումով եմ շատ կարևորում այս համաժողովը։ Սա առաջին հերթին կենսաբազմազանությանը նվիրված միջոցառում է, իսկ կենսաբազմազանությունը յուրահատուկ նշանակություն ունի, և ես բացատրեմ, թե ինչ նկատի ունեմ։ Ըստ էության, մարդկությունը հիմա ունի տեխնիկական և տեխնոլոգիական գործիքակազմը, որպեսզի գրեթե իրական ժամանակում կարողանա հետևել բնության փոփոխություններին։ Նույն արբանյակային նկարները և դրանց վերլուծության գործիքներն՝ արհեստական բանականության կիրառմամբ, տարբեր տեսակի սենսորները և այլն։ Այսինքն, մենք ռեալ ժամանակում կարող ենք տեսնել, գնահատել և հասկանալ, թե ինչ ազդեցություն է ունենում մեր գործունեությունը բնության վրա։ Ես չեմ ուզում պնդել, որ կենսաբազմազանության պահպանման տեխնոլոգիական խնդիրներն ամբողջությամբ լուծված են, բայց տարեցտարի գործիքակազմը մեծանում է, և ես հուսով եմ, որ տեսանելի ապագայում այս գործիքակազմի ներառումը կընդգրկվի նաև օրենսդրական կարգավորումներում, ինչը թույլ կտա ավելի գիտակցված որոշումներ կայացնել կենսաբազմազանության պահպանման առումով»,- ասել է նա։
Հարցին, թե որն է լինելու Հայաստանի մեսիջը այս համաժողովի ընթացքում, նախարարը պատասխանել է.
«Ես կարծում եմ, որ Հայաստանը պատահական չի ընտրվել որպես համաժողովը հյուրընկալող երկիր, որովհետև, ունենալով շատ փոքր տարածք, մենք ունենք շատ մեծ կենսաբազմազանություն՝ բույսերի, կենդանիների տեսակների ժառանգություն, և մեր պարտավորությունն է դա պահպանել։ Այսինքն, միգուցե, այս միջոցառումը խոստում է, որ տալիս ենք ինքներս մեզ, ինչ-որ առումով պարտավորություն է աշխատել այդ ուղղությամբ։ Իսկ ինձ համար կարևոր է, թե հատկապես ինչ կմնա Հայաստանում այս միջոցառումից հետո՝ նոր գիտական համագործակցություններ, նոր հետազոտական ծրագրեր, միգուցե, մեր մասնագիտական ոլորտում համագործակցության ինչ-որ հիմքեր կդրվեն։
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ շեշտել է՝ Հայաստանում առաջին անգամ է նման մեծ մասշտաբի միջոցառում անցկացվում և կարևոր է, որ սրանից հետո Հայաստանը միջազգային նման տարբեր կոնֆերանսների և մեծ իրողությունների քարտեզի վրա իր տեղը զբաղեցնի։
«Գիտեք, որ Հայաստանը շատ հարուստ կենսաբազմազանություն ունի, և մեր խնդիրն է բնության պահպանությունը՝ ակտիվ և գործուն քայլերով և, ընդհանուր առմամբ, նաև մարդու առողջության վրա ազդեցության մասով։ Մենք համաժողովի շրջանակներում ունենալու ենք առանձին սեսիա, որը նվիրված է լինելու նաև առողջության պահպանմանը և բնության ու կլիմայի փոփոխությունների ազդեցությունը մարդու առողջության վրա։ Այս երկու թեմաները հիմա փոխկապակցված են և բոլոր COP-երի շրջանակներում առողջապահական թեմաներն ավելի ու ավելի մեծ տեղ են գրավում։
«Այսօր երկրները «Մեկ առողջություն» կոնցեպտի շրջանակներում են իրենց քաղաքականությունները որոշում, իսկ սա նշանակում է, որ մարդու առողջությունը, կենդանիների և, ընդհանուր առմամբ, բնության, մեր շրջակա միջավայրի հարցերը չես կարող միմյանցից անջատել, և դրանք պետք է մեկ տրամաբանության մեջ կառուցվեն»,- նշել է ՀՀ առողջապահության նախարարը։
Դիտարկմանը, որ շատ համավարակներ մարդկային միջամտության, բնության հետ ոչ ճիշտ վարվելու և կենդանական աշխարհին ոչ խնամքով վերաբերվելու հետևանք են և հարցին՝ չի կարծո՞ւմ, որ սա լուրջ խնդիր է, նախարարը պատասխանել է.
«Իհարկե, և հենց այս մասով էլ նաև կլիմայական փոփոխությունները հանգեցնում են որոշակի վարակիչ հիվանդությունների և միջատների կամ կենդանիներից մարդուն փոխանցվող հիվանդությունների ակտիվացման, և սա շատ կարևոր մարտահրավեր է, որոնց նկատմամբ առողջապահական համակարգերը պետք է դիմակայունություն ձևավորեն, իսկ մարդու ազդեցությունն էլ բնության վրա պետք է լինի այնպիսին, որ մենք ինչ ժառանգել ենք, պահպանենք և փոխանցենք հաջորդ սերունդներին»։
2026 թվականի հոկտեմբերի 19–ից 30-ը Հայաստանի Հանրապետությունը կհյուրընկալի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (CBD COP17)՝ Երևանում համախմբելով աշխարհի երկրների կառավարությունների, միջազգային կազմակերպությունների, գիտական համայնքի, քաղաքացիական հասարակության, բնիկ ժողովուրդների, երիտասարդների և մասնավոր հատվածի ներկայացուցիչներին։