Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շրջանավարտ Արփի Սինանյանը հաղթել է միջազգային վոկալ մրցույթում

5 րոպեի ընթերցում

Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական օպերային ծրագրի շրջանավարտ Արփի Սինանյանը Գերմանիայում անցկացված NEUE STIMMEN («Նոր ձայներ») միջազգային վոկալ մրցույթում արժանացել է կանանց անվանակարգի առաջին մրցանակի և 15 000 եվրո դրամական պարգևի։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց օպերային երգչուհի Արփի Սինանյանը, Երիտասարդ օպերային երգիչների աշխարհի ամենահեղինակավոր մրցույթներից մեկում այս հաղթանակը կարևոր ձեռքբերում է իր մասնագիտական ուղու և հայկական օպերային արվեստի միջազգային ճանաչման համար։

Մրցույթի եզրափակիչ համերգը կայացել է 2026 թվականի հոկտեմբերի 9-ին՝ Գերմանիայի Գյուտերսլո քաղաքի Stadthalle համերգասրահում։ Արդյունքները հոկտեմբերի 10-ին պաշտոնապես հրապարակել է մրցույթի կազմակերպիչ Լիզ Մոնի հիմնադրամը։ Տղամարդկանց անվանակարգում առաջին մրցանակին արժանացել է Չինաստանը ներկայացնող բարիտոն Ջիաջոու Վանը։

NEUE STIMMEN մրցույթը հիմնադրվել է 1987 թվականին՝ Լիզ Մոնի նախաձեռնությամբ։ Երկու տարին մեկ անցկացվող մրցույթը 2026 թվականին կազմակերպվել է 21-րդ անգամ։ Այն նպատակ ունի բացահայտելու երիտասարդ օպերային տաղանդներին և աջակցելու նրանց մասնագիտական առաջընթացին՝ կապեր ստեղծելով երգիչների և միջազգային օպերային կառույցների միջև։ 

Այս տարվա մրցույթին հայտ է ներկայացրել 1126 երգիչ՝ 69 երկրից։ Տեսագրությունների նախնական ընտրությունից հետո 467 մասնակից հրավիրվել է կենդանի լսումների, որոնք անցկացվել են աշխարհի 12 քաղաքում։ Գյուտերսլոյի եզրափակիչ փուլին մասնակցելու իրավունք է ստացել 41 երիտասարդ երգիչ՝ 18 երկրից։

Նրանցից 16-ն անցել են կիսաեզրափակիչ, իսկ 8-ը՝ եզրափակիչ։ Մրցութային շաբաթն ընդգրկել է հոկտեմբերի 5–6-ի լսումները, հոկտեմբերի 7-ի կիսաեզրափակիչը՝ դաշնամուրային նվագակցությամբ, և հոկտեմբերի 9-ի եզրափակիչ համերգը՝ նվագախմբի մասնակցությամբ։ Այս ընթացքը երիտասարդ արտիստներին հնարավորություն է տվել ներկայացնելու իրենց երաժշտական մեկնաբանությունն ու բեմական անհատականությունը տարբեր կատարողական պայմաններում։ Եզրափակիչ փուլի ինն անդամից բաղկացած ժյուրին նախագահել է Փարիզի ազգային օպերայի տնօրեն Ալեքսանդր Նեեֆը։ Ժյուրին միավորել է առաջատար օպերային թատրոնների ղեկավարների, արտիստների ընտրության պատասխանատուների և կատարողական մեծ փորձ ունեցող մասնագետների։  Եզրափակիչ համերգին մասնակիցներին նվագակցել է Դույսբուրգի ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Վիտալի Ալեքսեենոկի ղեկավարությամբ։ Համերգը հեռարձակվել է միջազգային OperaVision հարթակում՝ ապահովելով ելույթների հասանելիությունն օպերային արվեստի համաշխարհային լսարանին։

Արփի Սինանյանը Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի Երիտասարդական օպերային ծրագրի շրջանավարտ է։ Ծրագիրը երիտասարդ երգիչներին հնարավորություն է տալիս կատարելագործելու երաժշտական և վոկալ հմտությունները, աշխատելու օպերային դերերգերի վրա, ձեռք բերելու բեմական փորձ և պատրաստվելու միջազգային մրցույթների ու մասնագիտական լսումների։

Երգչուհու հաղթանակը հաջորդում է նրա մեկ այլ միջազգային հաջողությանը․ 2026 թվականի սեպտեմբերին նա Հունգարիայում անցկացված Եվա Մարտոնի անվան միջազգային վոկալ մրցույթում արժանացել է երրորդ մրցանակին։ NEUE STIMMEN մրցույթում առաջին մրցանակի նվաճումը նրա ստեղծագործական ճանապարհի նոր կարևոր հանգրվանն էր։

Արփի Սինանյանի հաջողությունը ներկայացնում է հայկական վոկալ դպրոցի ներուժն ու երիտասարդ հայ արտիստների կարողությունը՝ ներկայանալու բարձր մրցակցություն ունեցող միջազգային բեմերում։ Այս ձեռքբերումը նշանակալի իրադարձություն է Հայաստանի երաժշտական հանրության համար և նոր խթան՝ երիտասարդ օպերային տաղանդների զարգացման ու միջազգային առաջխաղացման աշխատանքին։  

Արփի Սինանյանը արմատներով Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքից է։

Հայերեն Русский

Նոյեմբերի 1-ից մի շարք ապրանքախմբերի համար կմեկնարկեն նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագրեր

«Դասարանից՝ ուղեծիր». Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0» ուսումնական փաթեթը ներդրվում է Հայաստանի ևս 15 դպրոցներում

ԱԹՍ-ն հարվածել է Իրանի հարավային Սիրիկի նավահանգստի մոտ գտնվող նավակի

ՔԿ-ում տեղի է ունեցել խորհրդակցություն. ներկայացվել են կադրային նոր նշանակումները

ԱՄՆ-ն Կիևին նախազգուշացրել է հետախուզական տվյալների փոխանակման հնարավոր դադարեցման մասին. Զելենսկի

CENTCOM-ը հայտնել է, որ ամերիկյան ուժերն ապահովել են 19 միլիոն բարել նավթ տեղափոխող լցանավերի անցումը Հորմուզի նեղուցով

Գործընթացը հասունացել է, հնարավոր է՝ վաղն առավոտյան արթնանանք ու լրահոսում տեսնենք հետևյալ վերնագիրը՝ «Հայաստան–Թուրքիա սահմանը բաց է». Միրզոյան

Զանզիբարի նախագահը ժամանել է Երևան

Իրանի և Օմանի արտգործնախարարները քննարկել են Եմենում տեղի ունեցող զարգացումները

ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենի հետ