ՀՀ ՄԻՊ աշխատակազմի գլխավոր քարտուղարն ընդունել է Հայաստանի եվրոպական համալսարանի ուսանողներին
2 րոպեի ընթերցում
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Անդրանիկ Եղոյանն ընդունել է Հայաստանի եվրոպական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի 1-ին և լեզվաբանության (թարգմանչական գործ) բաժնի 4-րդ կուրսերի ուսանողներին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Անդրանիկ Եղոյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության առաքելությունը, լիազորությունների շրջանակը, աշխատանքի հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, ինչպես նաև պետական մարմինների և միջազգային կառույցների հետ համագործակցությունը։
Գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ ՄԻՊ հաստատությունն անկախ, ապաքաղաքական կառույց է, որի առաքելությունը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերում դրանց պաշտպանությունն է, ինչպես նաև մարդու իրավունքների խթանումը, այդ թվում՝ մարդու իրավունքների կրթության միջոցով։
Հանդիպումն անցկացվել է հարցուպատասխանի ձևաչափով՝ ուսանողներին հնարավորություն տալով բարձրաձայնելու իրենց հուզող հարցերը։
Հանդիպման ավարտին Անդրանիկ Եղոյանը շնորհակալություն է հայտնել ուսանողներին ակտիվ քննարկման համար՝ ընդգծելով նման հանդիպումների կարևորությունը երիտասարդների իրավագիտակցության և մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման տեսանկյունից։