Newmag հրատարակչության «Ֆրանկոֆեստ» գրական փառատոնը Երևանում կհյուրընկալի անվանի հեղինակների
7 րոպեի ընթերցում
Newmag հրատարակչության «Ֆրանկոֆեստ» գրական փառատոնը, որն ավանդույթի համաձայն իր շուրջ է համախմբում հրատարակիչների, գրողների, ընթերցասերների, այս անգամ ևս անակնկալներ կմատուցի գրականության երկրպագուներին։
Հոկտեմբերի 10-ին «Կոնգրես» հյուրանոցում անցկացվող փառատոնը կհյուրընկալի ֆրանկոֆոն հեղինակներ Շարիֆ Մաժդալանիին, Ֆիլիպ Մարչևսկիին, Օլիվիե Բուրդոյին, որոնց գրքերի հայերեն թարգմանությունները կներկայացվեն ընթերցասերներին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փառատոնը կազմակերպվում է 4-րդ անգամ, որից երկու տարին՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության և «Գոնկուր» ֆրանսիական մրցանակի հետ՝ «ֆրանկոֆեստ»-ը դարձնելով միջազգային փառատոն։
Հայաստանն արդեն երեք տարի ֆրանսիական ամենահեղիանակավոր գրական մրցանակի՝ «Գոնկուր»-ի ազգային ժյուրիի անդամ երկրներից է։
Հոկտեմբերի 9-ին լրագրողների հետ հանդիպմանը Newmag-ի տնօրեն Արտակ Ալեքսանյանն ընդգծեց, որ Ֆիլիպ Մարչևսկին Շվեյցարիայից է, Օլիվիե Բուրդոն՝ Ֆրանսիայից, իսկ Շարիֆ Մաժդալանին՝ Լիբանանից։
Նա հիշեցրեց, որ Շարիֆ Մաժդալանիի «Անունն արքայաց» վեպը «Գոնկուր»-ի հայաստանյան երկրորդ ընտրության հաղթողն է։
«Ուրախ ենք, որ փառատոնն ընդլայնվում է։ Այն մեզ հնարավորություն է տալիս ծանոթանալ ֆրանկոֆոն ժամանակակից գրականության լավագույն նմուշներին։ Սա բացառիկ հնարավորություն է. Հայաստանում երբեք ամենաթարմ գրականությունը միանգամից հայերեն չի թարգմանվել։ Փառատոնը նաև հնարավորություն է ստեղծում շփվել հեղինակների հետ, իմանալ, թե ինչպես են ստեղծվում նրանց գրքերը։ Ֆրանկոֆոն գրականությունը միայն ֆրանսիական գրականությունը չէ, դա գրականություն է, որը ստեղծվում է ֆրանսախոս երկրներում՝ Բելգիայում, Շվեյցարիայում և այլուր։ Սա բացառիկ հնարավորություն է միանալ համաշխարհային ֆրանկոֆոն գրական երկխոսությանը»,-շեշտեց Ալեքսանյանն ու հավելեց՝ ֆարնակոֆոն հեղինակների հանդեպ շատ մեծ հետաքրքրություն կա, և փառատոնին ներկայացվող բոլոր ֆրանկոֆոն գրքերն արագ սպառվում են։
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության hամագործակցության և մշակութային հարցերով խորհրդական Քսավյե Ռիշարն անդրադարձավ «Գոնկուր» գրական մրցանակին՝ հիշեցնելով, որ այն տրվում է 1903 թվականից։
«Այն անցկացվում է 40 երկրում։ Հայաստանը 39-րդ երկիրն էր, որը նախաձեռնեց իր գոնկուրյան ազգային ընտրությունը։ Ամեն երկրում ընտրության ձևաչափը տարբեր է։ Հայաստանում մրցանակակրին ընտրում են Երևանի պետական, Հայաստանում ֆրանսիական և Բրյուսովի անվան համալսարանների երեսուն ուսանողներ»,-ասաց Ռիշարն ու հայտնեց, որ հայաստանյան «Գոնկուր»-ի երրորդ թողարկման մանրամասները հայտնի կդառնան հենց փառատոնի շրջանակում։
Լիբանանցի գրող Շարիֆ Մաժդալանին ծնվել է Բեյրութում, կրթությունը շարունակել է Ֆրանսիայում, որտեղ դոկտորական է պաշտպանել Անտոնեն Արտոյի ստեղծագործության թեմայով։ Տարիներ անց վերադարձել է Լիբանան և Բեյրութի Սեն Ժոզեֆ համալսարանում ղեկավարել է ֆրանսիական գրականության ամբիոնը։
Հեղինակը մեծ պատիվ է համարում «Գոնկուր»-ի հայաստանյան երկրորդ ընտրության հաղթող լինելը։
«Շատ ուրախ եմ, որ փառատոնի շրջանակում այցելել եմ Հայաստան, քանի որ շատ լավ ճանաչում եմ ձեր երկիրը. Լիբանանում հայ ընկերներ ունեմ։ Հայաստանը մի երկիր է, որի մշակույթը տարբերվում է այն Հայաստանի մշակույթից, որին ծանոթ եմ Լիբանանի հայերի միջոցով։ Լիբանանում ապրում են հայեր, որոնք ցեղասպանությունից հետո են այնտեղ հաստատվել»,-նշեց գրողը։
Մաժդալանին գրել սկսել է ութ տարեկանից։ Խոստովանեց՝ վախեցել է հրատարակել գրվածքները՝ կարծելով, որ դրանք միջակ գործեր են։ Իր ստեղծագործությունները սկսել է հրատարակել հասուն տարիքում՝ վստահ լինելով, որ արդեն ժամանակն է։
Ֆիլիպ Մարչևսկին բելգիացի գրող է, ծնվել և ապրում է Լիեժում։ Դեպի գրականություն նրա ճանապարհը բավական անսովոր է եղել։ Մասնագիտությամբ նեյրոհոգեբան է։ Լիեժում անկախ գրախանութ է հիմնել։ Այդ գրախանութը ղեկավարել է 16 տարի՝ ամեն օր շրջապատված լինելով գրքերով, հեղինակներով և ընթերցողներով։ Միայն դրանից հետո է սկսել գրքեր գրել։ Իր առաջին վեպը Ֆիլիպը գրել է 45 տարեկանում:
Նրա համար անսպասելի և հաճելի է եղել այն հանգամանքը, որ իր գիրքը թարգմանվել է հայերեն։
«Ես ևս ունեմ հայ ընկերներ, որոնք հայկական սփյուռքի վառ ներկայացուցիչներ են։ Ինձ համար միշտ հետաքրքիր է նրանց հետ շփվելը։ Գիրք գրելիս հիմնականում միայնակ նստած ենք մեր գրասենյակում։ Պատկերացնել, որ գրածդ հետագայում կարող է ներկայացվել աշխարհի ընթերցողներին, դժվար է։ Ինձ մեծ բավականություն է պատճառում այն միտքը, որ փառատոնի շրջանակում «Երբ Սեսիլը» գրքի շուրջ քննարկում է ծավալվելու»,-ասաց Մարչևսկին։
Օլիվիե Բուրդոյի գրական ճանապարհը գրեթե իր գրքերի պես է՝ զվարճալի, անհավանական և մի փոքր խենթ։ Նա դպրոցը թողել է 16 տարեկանում, չի ստացել բարձրագույն կրթություն և տարիներ շարունակ աշխատել է անշարժ գույքի ոլորտում։ Առաջին վեպի վրա աշխատել է երկու տարի, սակայն հրատարակիչ չի գտել։ Հետո մեկնել է Իսպանիա՝ ծնողների տուն, և ընդամենը յոթ շաբաթում գրել է «Բոժանգլզին սպասելիս» վեպը, որը կներկայացվի Երևանում։
«Հաճախ ճաշում եմ ընկերներիցս մեկի հետ, որը Le Figaro-ի լրագրող է։ Նա հետաքրքրված է Հայաստանով և պարբերաբար հոդվածներով անդրադառնում է Հայաստանին։ Հենց նա է իմ մեջ արթնացրել այստեղ այցելելու ցանկությունը, ուստի ուրախ եմ այս հրավերի համար»,-ասաց հեղինակը։
Գրողները կարծում են՝ հատկապես մեր օրերում գրականություն ընթերցելն ուղղակի անհրաժեշտություն է, քանի որ «այն հնարավորություն է տալիս ավելի քիչ հիմար լինել»։
Փառատոնի միջազգային գործընկերներն են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը, Ֆրանսիական ինստիտուտը, Հայաստանում ֆրանսիական համալասրանը, «Գոնկուր Հայաստան»-ը և «Ազնավուր» հիմնադրամը: