3 րոպեի ընթերցում
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Reuters գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է, որ Իրանը պետք է «էականորեն» կրճատի ուրանի հարստացման իր կարողությունները՝ ԱՄՆ-ի պահանջները բավարարելու և երկու երկրների միջև յոթ ամիս շարունակվող պատերազմին վերջ տալու համար, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։
ԱՄՆ փոխնախագահը հոկտեմբերի 5-ին գործակալության հետ զրույցում նշել է, որ ցանկացած համաձայնագիր Իրանից կպահանջի կրճատել ուրանի հարստացման իր կարողությունները, այլ ոչ թե պարզապես հավաստիացումներ տալ ապագայում միջուկային ծրագրի կրճատման վերաբերյալ։
«Եթե դուք չեք ցանկանում միջուկային զենք ունենալ, ապա ինչո՞ւ է ձեզ անհրաժեշտ 60 տոկոսով հարստացված վառելիք։ Իսկ եթե ցանկանում եք ցույց տալ, որ հանձնառու եք միջուկային զենք չստեղծելու գաղափարին, ապա մի՛ արտադրեք բարձր հարստացված վառելիք։ Սա շատ տարրական հարց է, - ասել է Վենսը։ - Կարծում եմ՝ եթե նրանք ցանկանում են ցույց տալ, որ հավատարիմ են միջուկային զենք չստեղծելու գաղափարին, ապա պետք է էական քայլ կատարեն հարստացման իրենց կարողությունների հարցում»։
Վերջին շաբաթներին Իրանը և ԱՄՆ-ն փոխանակել են մի շարք առաջարկներ, որոնք ուղղված են պատերազմի ավարտին և Հորմուզի նեղուցի վերաբացմանը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է Թեհրանի վերջին առաջարկը և նախազգուշացրել, որ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո ռազմական գործողությունները կարող են ինտենսիվանալ։
Վենսն ասել է, որ ԱՄՆ-ն առաջվա նման պատրաստ է համաձայնության, սակայն դա կպահանջի Իրանի կողմից միջուկային ծրագրի ոլորտում կոնկրետ զիջումներ։
Իրավիճակն ավելի է բարդացնում այն հանգամանքը, որ Վաշինգտոնը վստահ չէ, թե ով է որոշումներ կայացնում Թեհրանում։ Վենսի խոսքով՝ ԱՄՆ-ն բանակցություններ է վարում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։ Սակայն, նրա խոսքով, հստակ չէ, թե Իրանի պետական համակարգում որքան լիազորություններ ունեն նրանք, հատկապես այն բանից հետո, երբ պատերազմի սկզբում ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ հարվածների հետևանքով սպանվեց Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլլա Ալի Խամենեին։
«Մենք նկատել ենք, որ լիովին պարզ չէ, թե ինչպես է նրանց երկիրը որոշումներ կայացնում», - ասել է Վենսը։
Իր հերթին, հոկտեմբերի 6-ին Թրամփը հայտարարել է, որ իր «ամենամեծ խնդիրն» այն է, որ ոչ ոք չգիտի, թե ով է ղեկավարում Իրանը։
Վենսը նաև հերքել է կարևոր զինամթերքի պակասի վերաբերյալ մտահոգությունները՝ հավելելով, որ թեև իրանական ուժերը պարբերաբար կարողանում են հարվածներ հասցնել Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերին, նրանք, մեծ հաշվով, չեն կարողանում կանխել էներգակիրների արտահանումն այդ ջրային ուղով։
Անդրադառնալով 2028 թվականին նախագահի պաշտոնի համար հնարավոր առաջադրմանը՝ Վենսը նշել է, որ իր բնույթով գործերը հետաձգող մարդ է և այդ մասին այնքան էլ շատ չի մտածել։