Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են. պարզաբանում
3 րոպեի ընթերցում
ՀՀ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը պարզաբանում է տարածել կենսաչափական տվյալների վերաբերյալ՝ նշելով, որ այդ տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Համացանցում տարածվել է հերթական մանիպուլատիվ տեղեկատվությունն այն մասին, թե իբր նոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ քաղաքացիների կենսաչափական տվյալների կառավարումը փոխանցվում է մասնավոր գործընկերոջը։ Ինչպես բազմիցս տեղեկացրել ենք, քաղաքացիների տվյալների օգտագործման իրավական և տեխնիկական շրջանակը սահմանում է պետությունը։ Մասնավոր գործընկերն ապահովում է համակարգի համար անհրաժեշտ տեխնոլոգիական ենթակառուցվածքը, անվտանգային լուծումները և ներդնում է մասնագիտական գիտելիք՝ այն միջազգային բարձր չափանիշներին համապատասխան կառուցելու նպատակով։ Այսինքն՝ մասնավոր գործընկերոջը չի փոխանցվում քաղաքացիների տվյալները տնօրինելու իրավասությունը»։
Տեքստում նաև նշվում է, որ մասնավոր գործընկերոջ առջև դրված է միջազգային բարձր չափանիշներին համապատասխան՝ տվյալների պաշտպանության համար անհրաժեշտ տեխնոլոգիական միջավայր ստեղծելու և տեխնիկական գործառույթներն իրականացնելու խնդիր։
«Արձանագրում ենք, որ ՀՀ քաղաքացու տվյալները երբեք այսչափ պաշտպանված չեն եղել, որքան կլինեն նոյեմբերի մեկից։ Բոլոր տվյալների բազաների նկատմամբ սուվերեն վերահսկողությունը շարունակելու է մնալ պետության ներքո` ի դեմս Ներքին գործերի նախարարության։ Յուրաքանչյուր փաստաթղթավորման դիմում պետք է հաստատվի պետության կողմից, ինչից հետո մասնավոր գործընկերն իրականացնի բացառապես տեխնիկական գործառույթներ՝ կենսաչափական տվյալների հավաքագրում, փաստաթղթի տպագրություն և այն քաղաքացուն տրամադրում։ Միևնույն ժամանակ, քաղաքացիների տվյալներին մասնավոր գործընկերը ուղիղ հասանելիություն չի ունենալու։ Փաստաթղթի տրամադրման և տպագրման թույլտվությունը տրվում է բացառապես պետության կողմից»,-նշվում է հաղորդագրության մեջ և ընդգծվում, որ պետությունն է շարունակում պատասխանատու մնալ քաղաքացիների տվյալների պաշտպանության, դրանց օգտագործման և փաստաթղթերի տրամադրման գործընթացների նկատմամբ։
«Պետություն-մասնավոր գործընկերությունը աշխարհում կիրառվող համագործակցության ձևաչափ է, ինչի հիմքում հստակ դերաբաշխումն է։ Պետությունն ու մասնավոր գործընկերը իրականացնում են իրենց գործառույթները՝ գործընթացում փոխլրացնելով միմյանց»,-ասվում է հաղորդագրության մեջ։