ԱԺ էթիկայի հանձնաժողովին կարող է դիմել յուրաքանչյուր ոք․ Մարիա Կարապետյանը ներկայացրել է ընթացակարգը

3 րոպեի ընթերցում

Պատգամավորի կողմից էթիկայի կանոնների կամ շահերի բախման համար սահմանված պահանջների ենթադրյալ խախտումների վերաբերյալ ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովին կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ անկախ քաղաքացիությունից։ Պատգամավորները կարող են դիմել նաև իրենց գործունեության ընթացքում շահերի բախման հնարավոր իրավիճակները նախապես պարզաբանելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում հրավիրված ասուլիսում այս մասին ասաց Պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Մարիա Կարապետյանը։

Նա տեղեկացրեց, որ հանձնաժողովը սեպտեմբերի 24-ին հաստատել է իր աշխատակարգը և կարող է սկսել աշխատանքները։ Կարապետյանը կարևորեց հանձնաժողովին դիմելու հնարավորության մասին հանրության իրազեկումը։

«Սա շատ կարևոր է, որովհետև պատգամավորական էթիկայի հանձնաժողովը չի կարող իր նախաձեռնությամբ սկսել որևէ հարցի քննարկում։ Այսինքն՝ անհրաժեշտ է, որպեսզի լինի դիմում։ Այդ դիտանկյունից ևս շատ կարևոր է, որպեսզի մեր քաղաքացիները, հանրությունը, մարդիկ տեղեկացված լինեն, որպեսզի հնարավորություն ունենան դիմելու և հանձնաժողովին էլ հնարավորություն տան որևէ հարց քննարկելու»,- ասաց Կարապետյանը։

Հանձնաժողովի նախագահը ներկայացրեց «Պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքով սահմանված էթիկայի ութ կանոնները։ Դրանք պահանջում են հարգել օրենքն ու հանրության բարոյական նորմերը, պահպանել խորհրդարանական նիստերի անցկացման կարգը, լիազորություններն իրականացնելիս չառաջնորդվել անձնական կամ փոխկապակցված անձանց շահերով և պաշտոնի հեղինակությունը չօգտագործել սեփական կամ այլ անձի օգտին։

Կանոնների թվում են նաև ԱԺ-ի նկատմամբ վստահության ու հարգանքի ձևավորմանը նպաստելը, ամենուր պատգամավորին վայել վարքագիծ դրսևորելը և քաղաքական ընդդիմախոսների, քննարկումների մասնակիցների, լրագրողների ու այլ անձանց նկատմամբ հարգալից վերաբերմունքը։ Կարապետյանը նշեց, որ կանոնների մեկնաբանությամբ ևս զբաղվելու է հանձնաժողովը։

Նրա պարզաբանմամբ՝ հանձնաժողովի քննարկմանը ներկայացվող հարցերը պետք է առնչվեն պատգամավորական էթիկայի կանոններին կամ շահերի բախման համար սահմանված պահանջներին։ Դիմողը պետք է հասկանա, թե ինչ հարց է ցանկանում ներկայացնել, սակայն դիմումում օրենքի կոնկրետ դրույթը նշելը պարտադիր չէ։

Կարապետյանը նաև պարզաբանեց, որ պատգամավորները կարող են նախապես դիմել հանձնաժողովին՝ հնարավոր շահերի բախման հարցում նրա դիրքորոշումը պարզելու համար։

«Պատգամավորը կարող է դիմել էթիկայի հանձնաժողով նախապես, այսինքն՝ դեռ իրավիճակը չստեղծված՝ հասկանալու՝ հանձնաժողովն ինչպիսի դիրքորոշում ունի այդ հարցի վերաբերյալ։ Իր մասնակցությունն այդ հարցին խնդիր կառաջացնի՞ ապագայում, թե՞ ոչ։ Եվ երբ արդեն ունենա էթիկայի հանձնաժողովի եզրակացությունը, կիմանա՝ ինչպես վարվել այդ իրավիճակում»,- նշեց Կարապետյանը։

 

Հայերեն

Ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններով քաղաքացիներից պահանջում են տուգանք վճարել

Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը խրախուսեց մարզի մի խումբ մանկավարժների

ԱԳՄԱ նախարարը և Իրանի խորհրդարանի խոսնակը քննարկել են Հայաստան-Իրան ենթակառուցվածքների զարգացումն ու տրանսպորտային կապերի ընդլայնումը

Հայաստանի և Իրանի արտաքին գերատեսչությունների խոսնակները կարևորել են հանրային հաղորդակցության ոլորտում համագործակցության զարգացումը

Քաղցկեղի բուժման նորարարական մոտեցումներ՝ Հայաստանում․ ներկայացվել են ֆոտոբիոմոդուլյացիոն թերապիան և TeleMed հարթակը

ԱԺ խորհուրդը հաստատել է հոկտեմբերի 6-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը

Ոստիկանությունը հայտնել է ծրագրված սպանության կանխման մասին․ ձերբակալվել է չորս անձ

Հայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության մրցույթ

Հայաստանն արծաթե հուշադրամ է թողարկել COP-17-ը հյուրընկալելու կապակցությամբ