Ղազախստանի նախագահը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյայի
2 րոպեի ընթերցում
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հրամանագիր է ստորագրել պաշտպանության նախարարության համակարգի երեք բարձրաստիճան պաշտոնյայի պաշտոնից ազատելու մասին։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Կազինֆորմ» գործակալությունը։
Կանիշ Աբուբակիրովն ազատվել է Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալի և Ղազախստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից. Ալմազ Ջումակեևն ազատվել է Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից. Կանատ Նիյազբեկովն ազատվել է Ղազախստանի Հանրապետության զինված ուժերի ռազմածովային ուժերի հրամանատարի պաշտոնից։
Ավելի վաղ ղազախական լրատվամիջոցները հայտնել էին Կասպից ծովում անցկացվող «Խազար Կորգան 2026» զորավարժությունների ընթացքում տեղի ունեցած ողբերգության մասին։ Եղանակային պայմանների կտրուկ վատթարացման հետևանքով մարտական պատրաստության առաջադրանք կատարող զինծառայողները ծովում մոլորվել էին։ Որոնողական աշխատանքների արդյունքում արձանագրվել էր 14 զոհ։
Հաղորդվել էր նաև, որ զինծառայողների մահվան դեպքի առնչությամբ ձերբակալվել է Պաշտպանության նախարարության հինգ պաշտոնատար անձ։ Հետաքննությունն ուսումնասիրում է զորավարժությունների կազմակերպման, անվտանգության կանոնների պահպանման, հիդրոօդերևութաբանական պայմանների հաշվառման և պատասխանատու պաշտոնյաների գործողությունների հարցերը։