ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարն ընդունել է «Pacific Council» ուղեղային կենտրոնի գործադիր տնօրենի գլխավորած պատվիրակությանը
2 րոպեի ընթերցում
Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցն ընդունել է «Pacific Council» ուղեղային կենտրոնի գործադիր տնօրեն, Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը։
Լիլիթ Մակունցը ողջունել է Քրիստինա Քվինին գլխավորած պատվիրակության այցը Հայաստան:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Լիլիթ Մակունցը խոսել է Հայաստանի կառավարության մի շարք առաջնահերթությունների մասին, այդ թվում՝ երկրի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման, ժողովրդավարական բարեփոխումների շարունակականության, TRIPP նախագծի իրականացման, տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովման քայլերի մասին:
Քրիստինա Քվինն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, մանրամասներ ներկայացրել այս օրերին Հայաստանում ունեցած հանդիպումների և քննարկումների վերաբերյալ:
Հաջորդիվ՝ անդրադարձ է կատարվել Հայաստանում ժողովրդավարության զարգացման ու հանրային բարեփոխումների իրականացման գործում քաղաքացիական հասարակության դերին, կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի Կառավարության կողմից իրականացվող քայլերի, առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման և այլ թեմաների:
Երկուստեք կարևորվել են վերոնշյալ ոլորտներում Հայաստանի Կառավարության և ուղեղային կենտրոնի միջև համագործակցությանն ուղղված քայլերը: