3 րոպեի ընթերցում
Ֆրանսիայի Ելիսեյան պալատի տվյալներով՝ նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ քննարկելու համաշխարհային էներգետիկ իրավիճակը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Euronews-ը։
Ֆրանսիայի նախագահական գրասենյակը հայտարարել է, որ երկու երկրներն «ընդհանուր հետաքրքրություն» ունեն համակարգված գործողությունների հարցում՝ «առանց արտահանման սահմանափակումների»։
Մակրոնը այս հարցը նաև քննարկել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ։
Ելիսեյան պալատի տվյալներով՝ բանակցությունների ընթացքում ընդգծվել է «վառելիքի գների աճի դեմ պայքարելու» և «վերամշակված արտադրանքի համաշխարհային հասանելիությունն ապահովելու» համար համատեղ աշխատելու անհրաժեշտությունը։
Նշվում է նաև, որ Մեծ յոթնյակի (G7) առաջնորդների տեսակոնֆերանսը տեղի կունենա «հնարավորինս շուտ». G7-ի նախագահությունը ստանձնել է Ֆրանսիան։
«Նպատակն է համակարգել միջոցառումները՝ գնային ճնշումները մեղմելու և հում նավթի ու վերամշակված արտադրանքի մատակարարումները երաշխավորելու համար՝ թե՛ Մեծ յոթնյակի երկրների միջև, թե՛ ամբողջ աշխարհում», - ասել է Ելիսեյան պալատը։
Բացի այդ, նշվում է, որ «համակարգման ջանքեր են գործադրվում նաև եվրոպական մակարդակով»։
Թրամփի վարչակազմը քննարկում է դիզելային վառելիքի արտահանման 90-օրյա արգելքը, քանի որ ձգտում է զսպել վառելիքի ներքին գները նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրություններից առաջ։
Եվրոպական երկրները հոկտեմբերի 2-ին կհանդիպեն՝ քննարկելու վառելիքի արտակարգ պաշարները բաց թողնելու հարցը, մինչ դիզվառելիքի գնի կտրուկ աճը ճնշում է գործադրում կառավարությունների վրա, իսկ Միացյալ Նահանգները Եվրոպային կոչ է անում գործել։
«Մենք Էներգետիկ միջազգային գործակալության բոլոր անդամների և ոչ միայն Միացյալ Նահանգների հետ ենք քննարկում պաշարները բաց թողնելու համար հարմար պահը, քանի որ սա մեր ունեցած հնարավորություններից մեկն է», - ասել է Էներգետիկայի հարցերով ԵՄ հանձնակատար Դան Յորգենսենը։
«Մենք նախկինում ևս կիրառել ենք այս միջոցը և, ամենայն հավանականությամբ, կրկին կօգտագործենք այն»,- հավելել է նա։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ դիտարկում է դիզելի արտահանման արգելք սահմանելու հարցը՝ այդ վառելիքի համաշխարհային պակասի ֆոնին։ Նա նաև հայտարարել է, որ կարող է եվրոպական երկրներին խնդրել բաց թողնել իրենց դիզելի պաշարների մի մասը։