ԱՄԷ և Իսրայելի ԱԳ նախարարները քննարկել են flydubai ավիաընկերության չվերթի միջադեպը
2 րոպեի ընթերցում

Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդը և Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են ԱՄԷ-ի և Իսրայելի միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X-ի գրառման մեջ հայտնել է ԱՄԷ ԱԳ նախարարությունը։
«Շեյխ Աբդալլահը հետաքրքրվել է Դուբայի միջազգային օդանավակայանից Բեն Գուրիոն միջազգային օդանավակայան flydubai ավիաընկերության չվերթի ուղևորների առողջական վիճակով․ չվերթի ընթացքում տեղի էր ունեցել անվտանգության հետ կապված միջադեպ, որը հաջողվել էր վերահսկողության տակ առնել։ Նախարարը նրանց մաղթել է առողջություն և բարեկեցություն: Նա նաև իր ողջույններն է փոխանցել ուղևորների ընտանիքներին»,- նշվել է գրառման մեջ։
Իսրայելի ԱԳ նախարարն իր հերթին X-ում անդրադարձել է ԱՄԷ ԱԳ նախարարի հետ ունեցած հեռախոսազրույցին՝ նշելով, որ ջերմ զրույցի ընթացքում վերահաստատել են վճռականությունն՝ ամրապնդելու երկու երկրների միջև հարաբերությունները բոլոր մակարդակներում և համատեղ գործելու տարածաշրջանում անվտանգությանը վնաս հասցնել ու կայունությունը խաթարել փորձող ծայրահեղական տարրերի դեմ։
«Ես գործընկերոջս տեղեկացրի իսրայելցի ուղևորների վերադարձի մասին»,- նշել է նա։
Սեպտեմբերի 30-ին Դուբայից Թել Ավիվ թռնող օդանավը փոխել էր ուղղությունը՝ տալով ընդհանուր վթարային ազդանշան։ Ավելի ուշ ինքնաթիռը վայրէջք էր կատարել Սաուդյան Արաբիայի «Թաբուկ» օդանավակայանում։ Պարզվել է, որ երկրորդ օդաչուն դանակահարել է օդաչուին, ինչի ժամանակ ինքնաթիռը կտրուկ սկսել է բարձրությունը կորցնել։