Կրեմլը հերքել է որոշ քաղբանտարկյալների ազատ արձակման դիմաց ամերիկյան պատժամիջոցների մեղմացման շուրջ քննարկումները
2 րոպեի ընթերցում
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը կտրականապես հերքել է Ռուսաստանի կողմից որոշ քաղբանտարկյալների ազատ արձակման դիմաց Վաշինգտոնի կողմից ամերիկյան պատժամիջոցների մեղմացման հարցի քննարկման հնարավորությունը՝ նշելով, որ հարցի նման ձևակերպումն անտեղի է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
«Նման ձևակերպմամբ այս թեման չի քննարկվել և չէր էլ կարող քննարկվել, քանի որ մենք կտրականապես հերքում ենք որևէ քաղբանտարկյալի գոյությունը և կարծում ենք, որ հարցի նման ձևակերպումը բացարձակապես անտեղի է»,- լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Միաժամանակ նա նշել է. «Ինչ վերաբերում է նախկինում տեղի ունեցած տարբեր (խմբ.՝ բանտարկյալների) փոխանակումներին, ապա մեր հատուկ ծառայություններն այս հարցով շարունակում են կանոնավոր շփումները»։
Լրագրողի հստակեցնող հարցին պատասխանելով՝ Կրեմլի ներկայացուցիչը նաև նշել է, որ որոշ բանտարկյալների ազատ արձակման դիմաց պատժամիջոցների թուլացման հարցն ԱՄՆ-ի հետ սկզբունքորեն չի քննարկվում։
Ավելի վաղ The Atlantic-ը գրել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ենթադրաբար, համաձայնել է իր հատուկ բանագնաց Ջոն Քոուլի առաջարկին՝ Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները մեղմացնելու վերաբերյալ՝ ի պատասխան ՌԴ-ում պահվող որոշ բանտարկյալների ազատ արձակման։