Իսրայելի տրանսպորտի նախարարը պահանջում է կասեցնել Flydubai-ի հետ թռիչքները և ուսումնասիրել ԱՄԷ-ի հետ ավիացիոն համաձայնագիրը
2 րոպեի ընթերցում

Իսրայելի տրանսպորտի նախարար Միրի Ռեգևը սեպտեմբերի 30-ի առավոտյան Դուբայից Թել Ավիվ թռիչքի ժամանակ տեղի ունեցած միջադեպից հետո պահանջել է դադարեցնել Flydubai ավիաընկերության բոլոր չվերթերը դեպի Իսրայել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times of Israel-ը։
Ըստ տեղեկությունների՝ Ռեգևը նաև խնդրել է Քաղաքացիական ավիացիայի վարչությանը հետաքննել, թե արդյոք Արաբական Միացյալ Էմիրությունները խախտել է Իսրայելի հետ ավիացիոն համաձայնագիրը, որը սահմանում է, որ միայն Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերություններ ունեցող երկրների անձնագրեր ունեցող օդաչուները կարող են վայրէջք կատարել Իսրայելում։
Չհաստատված հաղորդագրությունների համաձայն՝ օդանավի երկրորդ օդաչուն Օմանի քաղաքացի է, որը դանակահարել է կապիտանին և փորձել է կործանել ինքնաթիռը նախքան ուղևորների կողմից միջամտությունը։
Հայտնի է, որ Իսրայելը դիվանագիտական հարաբերություններ չունի Օմանի հետ։
Ավելի վաղ Դուբայից Թել Ավիվ մեկնող Flydubai FZ1073 չվերթը փոխել էր ուղղությունը՝ տալով ընդհանուր վթարային ազդանշան։ Այնուհետև ինքնաթիռը փոխանցել էր մեկ այլ վթարային ազդանշան, որը ցույց է տվել հնարավոր առևանգում կամ ապօրինի միջամտություն։ Ավելի ուշ մոտ 180 ուղևորի տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայի հյուսիս-արևմուտքում գտնվող «Թաբուկ» օդանավակայանում։
Ըստ BBC-ի՝ վայրէջքի օդանավակայանից հայտնել են, որ և՛ կապիտանը, և՛ երկրորդ օդաչուն վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Իսրայելի վարչապետի գրասենյակը նշել է, որ իրավիճակը «վերահսկողության տակ է», և ձեռնարկվում են բոլոր միջոցներն՝ իսրայելցի ուղևորներին երկիր վերադարձնելու համար։